211652_close_icon
views-count1130 դիտում article-date 23:30 27-11-2020

Կայացել է Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը

Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ Նախարարները շնորհավորանքներ փոխանակեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները կարևորեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և իր կողմից հովանավորյալ ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց, որ Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդար իրացումը: Արա Այվազյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ:

Նմանատիպ նյութեր