1095 դիտում
13:40 05-12-2020
Մենք թույլ չենք տա նրանց բաժանել մեզ ըստ լեզվական և ազգային պատկանելության. Մոլդովայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ ցույցի
Մոլդովայի ազգային հեռուստատեսությունն ուրբաթ երեկոյան հեռարձակել է հանրապետության ընտրված նախագահ Մայա Սանդուի շտապ ուղերձը` կիրակի օրը բողոքի ցույցի դուրս գալու կոչով:
Նա հինգշաբթի երեկոյան ճեպազրույցի ընթացքում համաքաղաքացիներին կոչ է արել բողոքի ցույցերի դուրս գալ այն բանից հետո, երբ խորհրդարանը որոշում կայացրեց Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը (ՏԱԾ) նախագահի լիազորություններից դուրս բերելու եւ կառավարության ենթակայության տակ տեղափոխելու մասին: Այս եւ մի շարք այլ վիճահարույց օրենքներ ընդունվել են հաշված րոպեների ընթացքում` առկա ընթացակարգերի խախտմամբ սոցիալիստների կուսակցության եւ «Շոր» կուսակցության պատգամավորների կողմից, որը ղեկավարում է մոլդովացի փախստակ օլիգարխ Իլան Շորը:
Ուրբաթ երեկոյան Սանդուն կրկնել է իր կոչը «Մոլդովա1» ազգային հեռուստաալիքով հեռարձակված իր ուղերձում` համալրելով այն նոր մանրամասներով:
«Երկրում ծայրահեղ ծանր իրավիճակի պայմաններում Դոդոնի եւ Շորի կուսակցությունների կոալիցիա է ստեղծվել, որը չի հարգում ոչ միայն օրենքը, այլեւ` մարդկանց: Վախենալով պատասխանատվությունից կատարված անօրինականության համար, հիասթափված պարտված ընտրություններից հետո` սոցիալիստները ստեղծեցին «ՄՀՍԿ-Շոռ» կոալիցիան` հետագա անպատիժ գողության նպատակով օրենքներ ընդունելու համար: Հինգ տարի Դոդոնը բղավում էր, որ Շորը պետք է բանտում լինի, իսկ հիմա նրանք հանցակիցներ են: Մենք թույլ չենք տա նրանց բաժանել մեզ ըստ լեզվական եւ ազգային պատկանելության: Գողերն ազգություն չունեն: Նրանց պետք է նստեցնել»,- հայտարարել է Սանդուն:
«Նրանք մտադիր են Դոդոնի եւ Շորի մարդկանց նշանակել բոլոր հաստատությունների ղեկավարների պաշտոններին: Դոդոնա-Շոր կոալիցիան ցանկանում է պահպանել այս խորհրդարանը եւս երկու տարի: Սա այն խորհրդարանն է, որում որոշ պատգամավորներ վաճառվել են արդեն երեք անգամ: Նրանք ցանկանում են պահպանել այս խորհրդարանը` իրենց սխեմաներն ու գողերին ծածկելու համար: Այս խորհրդարանը պետք է հեռանա: Այն ժողովրդի դեմ է գործում»,- հայտարարել է ընտրված նախագահը:
«Բոլորին արդեն հայտնի է, որ այս հակաժողովրդական խորհրդարանը պետք է լուծարվի: Մենք միասին պետք է կանգնեցնենք իշխանության յուրացման այս փորձը: Մարդիկ արտահերթ ընտրություններ են պահանջում: Մենք կանենք այն, ինչ պահանջում են մարդիկ: Մենք կիրակի օրը դուրս կգանք` իշխանության յուրացման փորձը կանգնեցնելու համար»,- ընդգծել է Սանդուն` բոլորին հորդորելով հետեւել կանխարգելիչ միջոցառումներին համավարակի ժամանակ:
Նա հայտարարել է, որ կիրակի` դեկտեմբերի 6-ին, ժամը 11-ին, Քիշնեւի կենտրոնում` Մեծ Ազգային ժողովի հրապարակում, «Քաղաքացիների հետ խորհուրդ» կանցկացվի:
Նմանատիպ նյութեր
3173 դիտում
16:17 24-05-2022
Մենք բոլորս սխալվել ենք, ոտքի կանգնելու ժամանակն է․ Էռնա Յուզբաշյանը կոչ է արել դուրս գալ պայքարի
Այս բաժնից
1210 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1060 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1048 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո