211652_close_icon
views-count1437 դիտում article-date 14:49 10-12-2020

Նոր դրամաշնորհ Հայաստանի եւ ՀԲ-ի միջեւ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (Դրամաշնորհ թիվ TF0B3556) նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ մասնավորապես, ասվում է. «Հանքարդյունաբերության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ գրեթե բոլոր օրենքները եւ այլ իրավական ակտերը ընդունված են, սակայն կարգավորման համակարգը տուժում է անորոշության եւ տարբեր օրենքների միջեւ անհամապատասխանության պատճառով, որը ոլորտի կազմակերպված ու կայուն զարգացմանը խոչընդոտող ամենակարեւոր գործոնն է: Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առկա վիճակի վերլուծությունից հետեւում է, որ ոլորտը որպես արտահանումից ստացվող եկամուտների, արտարժութային ներհոսքի, օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ համեմատաբար բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման աղբյուր, կարեւոր կշիռ ունի ազգային տնտեսության մեջ՝ ապահովելով բարձր հարկային եկամուտներ: Սակայն հանքարդյունաբերության ոլորտը ոչ ամբողջական կերպով է ապահովում շրջակա միջավայրի պահպանության, բարելավման եւ վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման պահանջները՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով (բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական հիմնահարցերի համակցման եւ համակարգված գործողություններ): Այս առումով կարեւորվում է հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտի կատարելագործումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտի զարգացման ներկա փուլում չափազանց կարեւոր է ունենալ կայուն, պարզ եւ թափանցիկ իրավական դաշտ: Իսկ ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, միջազգային լավագույն փորձին մոտեցնելու եւ ոլորտի կայուն զարգացումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապարփակ քաղաքականություն: Այժմ բարենպաստ պահ է հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար: Սա կապահովի, որ զարգացման եւ ներդրումների հաջորդ ալիքի ժամանակ Հայաստանը լավ պատրաստված լինի այդ մարտահրավերներին: Հարկ է նշել, որ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը ամրագրված է նաեւ 2019թ. մայիսի 16-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» №650-Լ որոշման 127.2 կետում: Համաշխարհային բանկից ստացվող ֆինանսական միջոցների հաշվին 2019-2020 թվականներին նախատեսված էր եղել ռազմավարության մշակումը՝ երկու թեմատիկ ուսումնասիրությունների իրականացումից հետո: Սակայն Խորհրդատուների կողմից աշխատանքների կատարումները ուշացան, իսկ նախկին դրամաշնորհի հիմնական ֆոնդը փակվեց, որի արդյունքում հնարավոր չեղավ իրականացնել ռազմավարության մշակումը: Հաշվի առնելով նպատակի կարեւորությունը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բանակացություններ սկսեց Համաշխարհային բանկի հետ՝ նպատակը անավարտ չթողնելու եւ նոր դրամաշնորհ ներգրավելու համար: Ուստի, ներկայացված դրամաշնորհային ծրագիրը կարեւորում ենք կառավարության վերոնշյալ ծրագրով սահմանված նպատակին հասնելու տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր