211652_close_icon
views-count1076 դիտում article-date 16:11 10-12-2020

Արտակ Բեգլարյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Միրզա Դինայի հետ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է իրաքյան եզդի գրող, իրավապաշտպան ակտիվիստ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայի հետ: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունները և ընդգծել, որ չնայած աղաղակող վայրագություններին և իր բոլոր կոչերին՝ միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան համայնքը պատշաճ չի արձագանքել մարդկության դեմ այդ հանցագործությանը և ժամանակին գործնական քայլեր չի ձեռնարկել մարդասիրական աղետը կանխելու ուղղությամբ: Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային հանրության պարտավորությունն ու աջակցելու անհրաժեշտությունը զոհվածների մարմինների ու գերիների վերադարձի, ինչպես նաև տեղահանված և անօթևան մնացած մարդկանց խնդիրների լուծման հարցում: Միրզա Դինայը շեշտադրել է, որ անվերապահորեն սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ու այլ իրավունքների պաշտպանության պայքարին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու նաև ադրբեջանա-թուրքական ագրեսիայի պատճառով ստեղծված մարդասիրական աղետի հետևանքների վերացման աշխատանքներին: Պաշտպանի ուղեկցությամբ Միրզա Դինայը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նմանատիպ նյութեր