211652_close_icon
views-count1492 դիտում article-date 16:24 10-12-2020

ՄԱԿ-ում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին ու արժանապատվությանը և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված առցանց միջոցառում

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «Զանգվածային լրատվամիջոցները ցեղասպանության կանխարգելման գործում․ թվային դարաշրջանի խոստումը և վտանգները» խորագրով առցանց քննարկում՝ նվիրված մամուլի դերին զանգվածային ոճրագործությունների ռիսկերի բացահայտման և ցեղասպանության կանխարգելման գործում։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Առցանց հանդիպմանը ներկա էին ՄԱԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, ինչպես նաև ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառման մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը կանխարգելելու ինքնության հողի վրա հանցանքները։ Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ու վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիային Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ակնհայտ ցեղասպանային նկրտումներով։ Կարևորելով մարդու իրավունքների կրթության, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության մշակույթը՝ ԱԳ նախարարը նշեց մամուլի աճող նշանակությունը մարդկության նկատմամբ հանցագործությունների կանխարգելման գործում։ Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն, Գլոբալ հաղորդակցությունների հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը, Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտության ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրի տնօրեն Դևիդ Ֆիլիպսը, Հոլոքոստի, մարդու իրավունքների և ցեղասպանության կրթության կենտրոն, Շոայի ինստիտուտի գործադիր տնօրեն Սառա Բրաունը, «The Promise» ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր Թերի Ջորջը, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր, գրող Պիտեր Բալաքյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սայմոն Ադամսը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Անրի Տերիոն։ Միջոցառման մասնակիցները քննարկեցին ավանդական ու ժամանակակից մամուլի ներգործությունը հանրային կարծիքի վրա՝ ընդգծելով մամուլի ազատության առանցքային դերը վաղ զգուշացման և ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր