211652_close_icon
views-count1010 դիտում article-date 10:27 17-12-2020

«Հետաքրքիր դինամիկան» բերեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր երեկվա ուղերձում հարց է տալիս՝ «արդյոք հնարավոր չէ՞ր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով»: Իսկ հետո նշում է՝ որ այդ հարցի պատասխանը դրական է: Այսինքն՝ այո, հնարավոր էր, բայց այդ հարցին նա կանդրադառնա ավելի ուշ: Այդպիսով, Հարությունյանը հաստատում է տարբեր աղբյուրներում հայտնված (նաեւ Պուտինի շուրթերով հնչեցված) այն տեղեկությունը, որ պատերազմի ավելի վաղ փուլերում Փաշինյանին առաջարկվել էին «ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով» տարբերակներ, բայց այդ տարբերակները մերժվել էին նրա կողմից, եւ իր այդ մերժումով վարչապետը փաստացի նպաստել էր ավելի մեծ մարդկային կորուստների: Հիմա հարց՝ եթե երկրի առաջին դեմքի պատճառով հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդիկ զրկվել են կյանքից, ապա նա «պատասխանատո՞ւ է» այդ մարդկանց զոհվելու համար, թե՞ «մեղավոր» է: Ինձ թվում է՝ երկրորդը: Ինքը՝ Փաշինյանը, կա՛մ ամբողջությամբ հերքում է մարդկային կյանքեր փրկելու այս հնարավորությունը, կա՛մ էլ ակնարկում է՝ եթե այդպես վարվեի, միեւնույն է, կասեիք՝ «Նիկոլ՝ դավաճան»: Այդ կանխատեսումն, անշուշտ, ճիշտ է, բայց մի՞թե կարեւոր է, թե ով ինչ էր ասելու, ով ինչ է հիմա ասում, կամ՝ ով որ աթոռին է նստած, երբ խոսքը մարդկանց կյանքի, առողջության եւ ազատության մասին է: Ես, օրինակ, կարծում եմ, որ թեկուզ մեկ մարդկային կյանքը շատ ավելի մեծ արժեք ունի, քան Փաշինյանին (կամ որեւէ այլ մարդու) սիրողների, երկրպագողների, փառաբանողների եւ «սրտիկողների» քանակը: Վարչապետն, ըստ երեւույթին, այդպես չի մտածում: Իսկ հիմա անդրադառնանք ավելի բարդ հարցի՝ արդյոք պատերազմից մոտավորապես մեկ տարի առաջ բանակցությունները չէի՞ն տապալվել, եւ հենց դա էր այս խայտառակ ավարտն ունեցող պատերազմի պատճառը: Դա, իհարկե, մանրակրկիտ վերլուծություն է պահանջում, բայց որպես սկզբնաղբյուր դարձյալ դիմենք վարչապետի ասածներին: 2019 թվականի նոյեմբերի 3-ին, իր հերթական «լայվի» ժամանակ նա ասել էր. «Հիմա էլ թեզ են դնում շրջանառության մեջ, որ, այ, քանի որ կառավարությունը կամ վարչապետը, ես` անձամբ, չեն համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, կամ, կներեք, եթե ես շատ կոպիտ ասեմ, չեն համաձայնվում հողերը հանձնել, նշանակում է՝ բանակցությունները մտել են փակուղի, և, ահա, սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով, և կոնկրետ այդ թեմայով կոնկրետ բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում»: Դարձյալ՝ քարոզչությունը, գովազդը, հակագովազդը, պարզվում է, ավելի կարեւոր են, քան բուն իրականությունը: Իսկ իրականությունն այն էր, որ բանակցությունները մտել էին փակուղի, եւ պատերազմը դարձել էր անխուսափելի: Չնայած այն ժամանակ Փաշինյանը դա չէր ընդունում: Նույն «լայվից». «Ես կարող եմ արձանագրել, որքան էլ դա տարօրինակ թվա, կարծում եմ, որ բանակցային գործընթացում կա դինամիկա, բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա, և այդ դինամիկան, ես լավատես եմ, որ կշարունակվի»,- այն ժամանակ ասում էր վարչապետը: 2019 թվականի նոյեմբերի 3-ի «հետաքրքիր դինամիկան» բերեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմին»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր