211652_close_icon
views-count1586 դիտում article-date 10:58 19-12-2020

Կեղծ երկրընտրանք է, թե մեր երկիրը կարող են ղեկավարել կա՛մ ապաշնորհ դիլետանտները, կա՛մ էլ՝ գող-ավազակները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կեղծ այլընտրանք առաջարկելը հայտնի տեխնոլոգիա է, որը կիրառվում է հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու համար: Երբ ուզում են ձեզ ինչ-որ բան վաճառել՝ լինի դա ապրանք, քաղաքական գաղափար, թե ինչ-որ գործիչ կամ կուսակցություն, ձեզ առաջարկում են միայն երկընտրանք՝ տպավորություն ստեղծելով, որ գոյություն ունեն միայն այս մի «սեւը» եւ այս մի «սպիտակը», եւ դու ստիպված ես ընտրել միայն այդ երկուսի միջեւ, չնայած, որ գոյություն ունեն այլ տարբերակներ եւս: Պարզ օրինակ. մարդը եկել է ձեր տուն եւ ուզում է փոշեկուլ վաճառել: Խոսքի մեջ նա անընդհատ հարցնում է՝ «ձեզ ինչպե՞ս է հարմար վճարել՝ կանխիկ, թե քարտով»: Իբր, դուք արդեն որոշել եք, որ ուզում եք փոշեկուլ գնել, եւ մնացել է վճարելու հարցը: Հասարակական կյանքում մանիպուլյացիաները կատարվում են նույն մեխանիզմով: Խորհրդային պատմաբանների եւ քարոզիչների համար Ստալինի ժամանակաշրջանում այդ երկրի քաղաքացիները բաժանվում էին երկու տեսակի՝ մի կողմից՝ երջանիկ, կոմունիստական ապագա կերտող մեծամասնություն, մյուս կողմից՝ թշնամիներ, օտար գործակալներ, որոնք փորձում էին խանգարել հրաշալի կյանքին ու աննախադեպ առաջընթացին: (Մերօրյա Հայաստանում պաշտոնական քարոզչությունը դրան մի քիչ նման է): 1985 թվականից հետո մինչեւ Պուտինի դարաշրջանը գործում էր մեկ այլ բաժանում. ստացվում էր, որ Ստալինի ժամանակ ԽՍՀՄ-ում ապրել են կա՛մ բռնաճնշումներ իրականացնող դահիճները, կա՛մ նրանց զոհերը: Ակնհայտ է, որ երկու բաժանումներն էլ սխալ են. բացի խանդավառ կոլտնտեսուհիներից եւ չարամիտ դիվերսանտներից, բացի մատնագրեր գրողներից եւ «Գուլագում» տառապողներից, եղել են այլ մարդիկ, ընթանում էր մի կյանք, որը խիստ տարբերվում էր այդ կարծրատիպերից: Ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաները նույնպես օգտվում են այդ հնարքից: Հայաստանի իշխանությունը, մասնավորապես, քաղաքացիների գլուխը փորձում է մտցնել հետեւյալ թեզը՝ մեր երկիրը կարող են ղեկավարել կա՛մ ապաշնորհ դիլետանտները, կա՛մ էլ՝ գող-ավազակները: Դա լայն հնարավորություն է տալիս «թրոլինգի»՝ թեման շեղելու, օրակարգը փոխելու, ժողովրդի լեզվով ասած՝ «խոսքը կտուրը գցելու» համար: Ասում ես՝ «ադրբեջանցիները դիրքեր են զբաղեցրել Սյունիքի բնակավայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող բարձունքներում», իշխանական քարոզչությունը դրան պատասխանում է՝ «բա 17 կուսակցություննե՞րը»: Ասում ես՝ «Արցախում հրադադարից հետո մեր զինվորները շարունակում են զոհվել եւ գերի ընկնել», իշխանության պատասխանն է՝ «բա որ «նախկինները» թալանո՞ւմ էին»: Հարցնում ես՝ «ի վերջո, քանի՞ զոհ, քանի՞ գերի, քանի՞ անհետ կորած ունենք», պատասխանում են հարցով՝ «իսկ դուք ո՞ւմ եք տեսնում Հայաստանի վարչապետի պաշտոնում»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր