211652_close_icon
views-count1269 դիտում article-date 15:46 22-12-2020

Պատերազմի հետևանքով տուժած 200-ից ավելի քաղաքացիական անձի կտրվի միանվագ դրամական օգնություն

Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ծրագրի մեկնարկը տրվել է, շահառուները կարող են արդեն դիմել: [url=https://armenpress.am/arm/news/1038557.html]«Արմենպրես»[/url]-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց, որ շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։ «Պատերազմի գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձինք կստանան միանվագ դրամական աջակցություն: Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 դրամ, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3.000.000, երկրորդ խմբի դեպքում` 2.000.000, երրորդ խմբի դեպքում` 1.000.000 դրամ»,-ասաց Աննա Ժամակոչյանը: Եթե հաշմանդամություն է ձեռքբերել անչափահասը, ապա կտրամադրվի 3 միլիոն դրամ: Դիմումներն արդեն ընդունվում են, սակայն վճարումները կլինեն հունվարից: Զոհվածների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը հենց սկզբից կլինի, իսկ հաշմանդամության դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մասնագետները պետք է այցելեն պոտենցիալ շահառուներին՝ ցանկով հաստատված անձանց: Համապատասխան ընթացակարգը անցնելուց հետո, երբ կհաստատվի հաշմանդամության խումբը, նոր աջակցությունը կտրամադրվի: «Ասեմ, որ այս փուլում նախարարությունը նախաձեռնել է հաշմանդամության կարգի տրամադրումը դյուրացնելու գործընթաց: Բժշկասոցիալական փորձաքննության մեր մասնագետներն իրենք են այցելելու վիրավորվածներին: Դա վերաբերում է ոչ միայն զինվորներին, այլև քաղաքացիական անձանց: Պարզապես, պետք է հաշվի առնել, որ հաշմանդամության կարգի տրամադրման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ լինում»,-ասաց նա: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ արդեն ունեն մոտ 226 հոգուց բաղկացած շահառուների ցանկ, թեպետ այն կարող է փոփոխվել, որովհետև գերիների կամ անհայտ կորածների շրջանում հնարավոր է լինեն քաղաքացիական անձինք: Շահառուների ցանկում կան անձինք Հայաստանից, սակայն ճնշող մեծամասնությունն Արցախից է: Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին քաղաքացին գրավոր եղանակով կտեղեկանա առավելագույնը 30 օրվա ընթացքում: Գումարը կտրամադրվի անկանխիկ: Նախարարությունը նույնպես նախաձեռնողական է լինելու և դիմելու է ցանկի շահառուներին: Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել նախարարության 114 թեժ գիծ:

Նմանատիպ նյութեր