211652_close_icon
views-count1659 դիտում article-date 15:43 31-12-2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամն արցախցի երեխաների համար կազմակերպել է ամանորյա միջոցառումներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախից տեղահանված և զինծառայողների երեխաների համար կազմակերպել է «Մեկ օր հրաշքի մեջ» խորագրով ամանորյա թատերական միջոցառումների շարք: Տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը։ Ծրագիրը մեկնարկել է սույն թվականի դեկտեմբերի 30-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացած առաջին ներկայացումով, որին մասնակցում էին այս պահին Երևանում և հարակից շրջաններում բնակվող արցախցի շուրջ 300 երեխա: Տիկնիկային թատրոնի ռեժիսոր և միջոցառման համակազմակերպիչներից Սամսոն Մովսիսյանը նշել է որ շուրջ 600 երեխա կհյուրընկալվի Տիկնիկային թատրոնում, իսկ ամանորյա հրաշքը նաև մարզերի երեխաներին հասցնելու նպատակով Հիմնադրամը կազմակերպելու է թատերախմբի ավելի քան 12 այց Հայաստանի մարզերում, տարբեր քաղաքներում ապաստանած երեխաների համար. «Մեզ համար շատ կարևոր է, որ ցանկացած իրավիճակում փոքրիկները չկորցնեն իրենց հավատը և վստահ լինեն, որ ամանորյա հրաշքներ լինում են: Մեր նպատակն է, որպեսզի որքան հնարավոր է շատ երեխաներ մասնակից լինեն այս հրաշքին, այցելենք շատ մարզեր ու համայնքներ, և երեխաները, իսկապես, իրենց զգան ինչպես մեկ օր հաշքի մեջ»,- հավելել է Սամսոն Մովսիսյանը: Նշվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոգում է ինչպես դեպի Երևան, այնպես էլ դեպի մարզեր տրանսպորտային փոխադրումը: Միջոցառման մասնակից, Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքից Անուշ Խանյանը միջոցառմանը եկել էր ընտանիքի՝ 2-ամյա տղայի և ամուսնու հետ. «Անչափ շնորհակալ ենք, որ այս դժվարին օրերին փորձում են մեզ շեղել մեր առօրյա հոգսերից, և որ ամենակարևորն է ջանք չեն խնայում նմանատիպ միջոցառումներով հատկապես մեր երեխաներին ուրախացնելու, անակնկալներ մատուցելու և հրաշքին հավատալ օգնելու համար»: Բացի ներկայացումներից՝ երեխաներին սպասվում էին նաև անակնկալներ, հյուրասիրություն, մուլտհերոսների, հեքիաթային կերպարների այց: Ներկայացումից հետո բոլոր երեխաներն անձամբ Ձմեռ պապից, Ձյունանուշից և Էլֆերից ստացան իրենց նվերները, որոնց մասին գրել և խնդրել էին Ձմեռ պապին ուղղարկված նամակներում: «Շատ հավանեցինք ներկայացումը, մուլտհերոսներն ուրախացրին մեզ: Ես Ձմեռ Պապիկին նամակ էի գրել և տիկնիկ խնդրել. շատ ուրախ եմ, որ երազանքս կատարվեց ու հենց Ձմեռ Պապից ստացա իմ նվերը»,- պատմել է մարտունեցի Հովսեփյան Վիկտորյան: Մինչև հունվարի 20-ն արցախցի, ՀՀ և Արցախի զինծառայողների 1000-ից ավելի երեխա կմասնակցի «Մեկ օր հրաշքի մեջ» ծրագրին: Երեխաներին ժպիտ պարգևելը տոն է բոլորի համար, քանի որ հենց այդ ժպիտն է վաղվա լուսավոր օրվա հույսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր