211652_close_icon
views-count9716 դիտում article-date 17:33 31-12-2020

Մեզ այս ծանր իրավիճակներում մնում է տեր կանգնել մեր իսկ ստեղծած արժեքային համակարգին՝ թույլ չտալով, որ այնտեղ սողոսկեն օտար ու ապազգային նկրտումները ու  ձգտումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ով Հայի Աստված     Մեր խառն ու դժվարին օրերում ավելի հաճախ մտածմունքների մեջ ես ու ձգտում ես դեղատոմսեր գտնել։ Այդ ծիրում քեզ հյուր են գալիս ինչպես մեր ապրած հակասական ժամանակները, այնպես էլ անցյալի արժեքները: Մասնավորապես այն, որ հայ բանաստեղծները ու երգահանները երբեք չմոռացան մեր պատմության հերոսական էջերը՝ հանրությանը մատուցելով հենց այդ մոտիվներով  բազում ստեղծագործություններ։ Այնպես էր ստացվել, որ անցյալ դարի 80-90-ական թվականներին բարեկամություն էր հաստատվել իմ և գուսան Հայրիկ Ղազարյանի միջև: Հանդիպումներ և փոխայցելություններ էինք ունենում, սիրով ինձ էր ներկայացնում իր նոր ստեղծագործությունները, իսկ ես էլ նպաստում էի, որ դրանք ռադիոյի միջոցով հասնեն ունկնդրին։ Շատ ասելիք ուներ իր հայրենի եզերքի, հայրենաբաղձության ու հայրենասիրության մասին: Դրանք հոդվածներ, ակնարկներ, սյուժեներ էին դառնում հեռուստաէկրանին, և վերջապես՝ հեռուստաֆիլմ «Հայրիկ Ղազարյան» վերնագրով:   Ես շատ լավ գիտեի Մարտունու շրջանի Ձորագյուղում գտնվող նրա տունը, որը թանկ հիշողություններ էր պահպանում Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի մասին, ուր նա մեկ գիշեր հյուրընկալվել էր Հայրիկ Ղազարյանի պապենական օջախում։ Ընդհանրապես, Ձորագյուղը պատմական բնակավայր է իր երեք եկեղեցիներով, հին բնակատեղիներով, խաչքարերով, դամբարաններով: Արևտյան Հայաստանի Չլկանի գյուղից գաղթած գերդաստանի շառավիղը՝ Հայրիկ Ղազարյանը, սրբորեն պահպանում էր պապենական թոնրատունը, որը ավելի մանրամասն պիտի նկարահանեինք արդեն նրան նվիրված տեսաֆիլմում։ Հազար ու մի պատմություններ կային դրա հետ կապված, որոնք իր խոսքաշենությամբ ամեն անգամ ներկայացնում էր գուսանը:  Հայրիկ Ղազարյանը ստեղծեց հայրենասիրական երգաբույլ, որը սերունդներ դաստիակեց՝ իր «Անդրանիկ փաշա», «Մշո աղջիկ»,«Մշո հավքեր», «Արմենիա լողա», «Ելի երթանք», «Հայոց աղունակ», «Իմացիր», «Ինչ լուր ես բերել» և այլ երգերով։ Այս օրերին, երբ փորձում էի մի փոքր կարգի բերել իմ արխիվը, ձեռքս ընկավ Հայրիկ Ղազարյանի նամակներից մեկը: «Հարգելի պարոն Երիցյան, Հայաստանի տարբեր շրջաններից, մայրաքաղաքից բազմաթիվ նամակ-շնորհավորանք-պահանջագրեր եմ ստանում՝ «Հայը՝ մեկ ոսկի» երգի համար։ Օրը տասը նամակի եմ պատասխանում՝ ուղարկելով երգի տեքստը», - գրում է Հայրիկ Ղազարյանը։ Այնուհետև խոսելով մեր համագործակցության մասին՝ շարունակում է. «Շուտով Ձեր դուռը կծեծեմ .....կխոսենք, հոգով կբուժվենք։ Բարևում ենք Ձեզ վերստին՝ ցանկանալով Ձեզ երջանիկ ապագա, այնպես, որ ականատես լինեք և մասնակից մեր տառապած ազգի այգաբացին, Արցախի անբուժ քաղցկեղի վիրահատությանն ու բուժմանը։ Անդեղ բժիշկ Հիսուս Քրիստոսը թող դարմանե մեր վերքերը, ամոքե և կատարյալ բժկություն տա»։ Այնուհետև նույն նամակում ինձ էր ուղարկել «Ով Հայի Աստված» երգի տեքստը՝ ավելացնելով.«Այս երգը գրել եմ «Ադանայի ողբ»-ի եղանակով, ժողովրդի ուժգին թախանձանքի ճնշման տակ»։ Թվագրված էր 02.09.89թ.: Ընթերցելով երգի խոսքերը՝ հարկ համարեցի ներկայացնել այն, քանի որ իր այժմեականությունը չի կորցրել, մանավանդ, մեր կքված մեջքը ուղղելու համար կարիք ենք ունենալու նաև նման ստեղծագործությունների։   Ազգ իմ, խոր մրմուռ եկած հին ցավից, Նորից նոր եղեռն,արյուն-Սումգայիթ, Չգիտենք՝ու՞ր են Մհերն ու Դավիթ, Գեթ դու Հայտնվիր, ով Հայի Աստված    Մենք՝ օգնությունից ու զենքերից զուրկ, Դրա համար էլ գազազել է թուրք, Աղետվել են մեր բերդ,ամրոց ու բուրգ, Էլ ինչպես անենք, ով Հայի Աստված։   Մեր ձեռք ու ոտքին՝ կրկնակի շղթա, Ոչ ունենք պաշտպան, ոչ էլ դատաստան, Գոչում է մրմուռ հագած Հայաստան, Ախ,ինչպե՞ս անենք,ով Հայի Աստված։.   Անդրանիկ,Սերոբ,Չաուշն հառնեին, Արցախ աշխարհում հաղթ սավառնեին, Մեր անմեղ արյան վրեժն առնեին, Էլ ինչպե՞ս տանենք, ով Հայի Աստված:   Ով երգիչ Հայրիկ,մի՛ եղիր վհատ, Կհառնեն Գալեն,Արաբոն,Սմբատ, Մենք կհավերժենք ինչպես Արարատ, Կա ու զորեղ է միշտ Հայի Աստված։   Գուցե այս երգի կատարումը վերհիշենք և այն ոգին, որ ունեին Հայրիկ Ղազարյանը և հայ արվեստագետները։ Այսօր քան երբևէ նման հայրենասիրական երգերի կարիք ենք ունենալու, որովհետև նման ստեղծագործություններն են պահպանելու ոչ միայն մեր հիշողության ձայնը, այլև պայքարի ոգին, որը մեզ համար հավերժ է լինելու, որպեսզի կարողանանք պահպանել մեր ազգային ինքնությունը, պետությունը անընդհատ հարափոփոխ այս դժվարին աշխարհում։ Իսկ դրա համար մենք պետք է կարողանանք ավելի հստակ ու միտված, մեզ պաշպանող և ոչ թե ոչնչացնող դարձնել ազգային արժեքները ու համակարգը։ Մենք անցյալ դարի 90-ական թվականներին նաև Հայրիկ Ղազարյանի երգերով Արցախյան հերոսամարտ ու հաղթանակներ ունեցանք, Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հիշողության ձայն։ 1995 թվակականին այս աշխարհին հրաժեշտ տված գուսանը ասում էր, որ երանի նրանց, ովքեր կտեսնեն միացյալ ու ամբոջական Հայաստանը՝ Արցախով, իր պապերի ծննդավայր Չլկանի գյուղով ու Արևմտահայաստանի այն բնակավայրերով, որոնք թուրքի ձեռքին են՝ իրենց անընդհատ ավերվող հայկական պատմական հուշարձաններով։ Երանի էր տալիս նաև այն ժամանակներին, երբ կկարողանայինք գոնե գնալ մեր պապերի ոտնահետքերով։ Եվ երբ 2014 թվականին ինձ բախտ վիճակվեց ուխտագնացության մեկնել Արևմտյան Հայաստան, ինձ չհաջողվեց նրա ծննդավայր Ալաշկերտի Չլկանի գյուղ հասնել, բայց Հայրիկ Ղազարյանի անունից մոմ վառեցի Վարագավանքում՝ հիշելով նրա տողերը.   Դժվար է, դժվար,ով երգիչ Հայրիկ, Որ մարդն ապրի առանց Հայրենիք, Իմ Հայաստանի ծակոտող փուշը, Կենսատու է, քան օտար ծաղիկը։   Մեզ այս ծանր իրավիճակներում մնում է տեր կանգնել մեր իսկ ստեղծած արժեքային համակարգին՝ թույլ չտալով, որ այնտեղ սողոսկեն օտար ու ապազգային նկրտումները ու  ձգտումները։ Այդ ճանապարհին մեր կողքին կարող են լինել նաև Հայրիկ Ղազարյանը և նրա սերնդակիցների գործը շարունակած ազգային ոգու էությունը ճիշտ և նպատակային դարձրած հայրենասեր մարդիկ։ [b]  Սերգո Երիցյան Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր