211652_close_icon
views-count2278 դիտում article-date 14:31 18-01-2021

ՀՀ ՄԻՊ-ը Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Նամակում այլ հարցերի թվում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում: Նամակը վերաբերում է ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց: Գերիների վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո: Սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակն անելը ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Ուստի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որևէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ առկա է պատերազմական գործողություններով պայմանավորված՝ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն: Սկզբունքային կարևորության հարց է այն, որ 64 հայ զինծառայող գերիների վերադարձը ձգձգվում է՝ իրավական գործընթացների չարաշահմամբ, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանում արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, չեն հայտնում գերիների իրական թիվը: Սա նույնպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին հակասում է, այն ոտնահարում է առաջին հերթին նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին: Այս ամենը գերիների ընտանիքներին պատճառում է հոգեկան տառապանքներ, առաջացնում է լարվածություն հայ հասարակությունում: Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության համատեքստում, որը խրախուսում են երկրի իշխանություններն ու նույնիսկ մշակութային գործիչները (ուղարկվել է նաև այս հարցին նվիրված ու ապացույցների հիման վրա կազմված արտահերթ զեկույց)։ Ուստի, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում ու այն, որ մեր հայրենակիցները գերեվարվել են Ացրախում (Լեռնային Ղարաբաղում)՝ համանախագահների ուշադրությունը նամակով հրավիրվել է նշված ու մյուս բոլոր խնդիրների վրա՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը բացառելու հրատապ անհրաժեշտության հարց։ Տեղյակ եմ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես այս հարցն անընդհատ բարձրացնում է, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, այդուհանդերձ, նկատի ունենալով հարցի հրատապությունն ու սկզբունքային կարևորությունը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների պաշտպանության հրամայականով՝ ինքս նույնպես որոշեցի դիմել՝ ներկայացնելով ինքնուրույն դիտարկումների ու բողոքների քննության այն արդյունքները, որ արձանագրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հայաստանի կառավարությունից անկախ գործող պաշտոնատար անձ, ով օժտված է մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական մանդատով»,-գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ԵԱՀԿ...

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Понедельник, 18 января 2021 г.

Նմանատիպ նյութեր