Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 820 բեռնատար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզի Ապարան և Թալին, Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։
[b] Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։