211652_close_icon
views-count1974 դիտում article-date 14:12 24-01-2021

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ազատ արձակել Նավալնիին, բոլոր լրագրողներին և քաղաքացիներին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի, Եվրասիայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով ենթակոմիտեի անդամները կոչով դիմել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5749009.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Կոչում, մասնավորապես, ասված է, որ Ալեքսեյ Նավալնին կալանավորվել է «կասկածելի մեղադրանքների» հիման վրա: Կոնգրեսականները նաև կոչ են անում ազատ արձակել «բոլոր լրագրողներին և քաղաքացիներին», ովքեր ձերբակալվել են այս ընթացքում, ներառյալ նրանց, ովքեր եկել էին օդանավակայան՝ դիմավորելու ընդդիմադիրն առաջնորդին: «Մենք խորապես մտահոգված ենք վերջին իրադարձություններով, Ռուսաստանի Դաշնության համակարգված գործողություններով (...)՝ ճնշելու համար Ռուսաստանում խոսքի ազատությունը, քաղաքացիական հասարակությունը, անկախ ձայները և հեռանկարները: Միացյալ Նահանգների Կոնգրեսը սատարում է ռուսաստանցիներին (...), ովքեր ցանկանում են, որ կառավարությունը սպասարկի իրենց շահերը առանց կոռուպցիայի և հետապնդումների: Մենք կշարունակենք ուսումնասիրել բոլոր դիվանագիտական և պատժիչ միջոցները կիրառելու հնարավորությունը ՝ ի պատասխան պարոն Նավալնիի և նրա կողմնակիցների դեմ ուղղված այս սաստիկ գործողությունների»,- ասված է կոնգրեսականների կոչում: Կոչի հեղինակները նախազգուշացնում են. «Եթե պարոն Նավալնին կամ նրա ձերբակալության համար կալանավորված լրագրողներից և քաղաքացիներից որևէ մեկը դառնա ֆիզիկական բռնության զոհ, մենք անմիջապես կսկսենք աշխատել նախագահ Բայդենի և նրա վարչակազմի հետ, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատվություն կրի մարդու իրավունքների՝ նման կոպիտ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված խախտումների համար»:

Նմանատիպ նյութեր