211652_close_icon
views-count1740 դիտում article-date 21:04 26-01-2021

Պետք է բացահայտել այս պատերազմի դավաճանական հանգույցները, իմ որդին և մյուս հերոսները հաղթել են՝ անմահանալով, պարտվել է դիվանագիտությունը. Խաչիկ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2021/01/26/Manukyan/3506690?fbclid=IwAR3UVMhH_XSTDq6D-dFRpi3xwPiWV3JNcZ5Q4QmZt8Ni-VYEr3lHy4jIGvU]Tert.am[/url]-ը գրում է. Այս պատերազմում ես մեր զորքի հաղթականությունն եմ տեսել, ճիշտ է՝ տեխնիկական առավելությունը թշնամու կողմն էր, բայց մեր զինվորները քաջեր էին, որդիս էլ իր կյանքն է նվիրաբերել հայրենիքին, ես տեսել եմ ապագա հաղթանակներ, որ ունենալու ենք այդ զորքով, իսկ մեր դիվանագիտությունը խայտառակ պարտություն կրեց. մի՞թե աշխարհը մեզ այնքան էր արհամարհում, որ որևէ նեցուկ չունեինք, միայն սուտ հայտարարություններ լսեցինք, ոչինչ էլ չարվեց: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել բանաստեղծ, պատերազմում որդուն կորցրած Խաչիկ Մանուկյանը: «Ո՞րն էր դիվանագիտական հաղթանակը, այն, որ նախկինում ՌԴ դրոշն այրո՞ւմ էին դեսպանատան դիմաց, թե՞ որ «Հուզանք ու զանգ» էին խաղում՝ մետրոյի կայարանամերձ հատվածում թավալվելով: Ուր է թե այսօր իրական, բարձր արժեքներ հնչեցնեին: Մեր կողքին դասական պոետ է ապրում՝ Ռազմիկ Դավոյանը, նրա 80-ամյակը նույնիսկ չշնորհավորեցին: Եթե չկարողանանք բացել դավաճանության հանգույցները, մեր գենի շարունակումը կասկածի տակ կմնա: Սա զինվորի պարտությունը չէր, չունենալով տեխնիկա՝ զորքը մեծ ուժ ու ոգեղենություն ուներ»,- ասել է բանաստեղծը: Ըստ Մանուկյանի՝ անգամ պարտիզանական գործողություններով մենք վնաս էինք հասցնում թշնամուն և կարող էինք հաղթանակի հասնել. «Որդիս՝ Վաչագանը, Հայաստանը տեսնում էր իր պատմական մեծության մեջ, հիանում էր Նժդեհով, խորությամբ ուսումնասիրել էր նրան: Զարթոնքը լինելու է ոչ թե ապրողներով, այլ Եռաբլուրով, ոչ մի դավաճան չի դիմանա նրանց դեմ, իրենք այդ հաղթական շունչը բերել են, այն ժայթքելու է, նրանց սխրանքները վեր են դասվելու բոլոր մանր-մունր, փալասի պես թավալվող, դրսից թելադրվող ուժերից: Մենք պիտի սթափվենք, զսպենք այն տականքին, որը հայտարարում է, թե տարիներ շարունակ ուրիշի տարածքում տուն ենք կառուցել: Իմ սերունդը նմաններին երկրից դուրս կվռնդեր»: Բանաստեղծի կարծիքով՝ միայն Ադրբեջանի ազգային հերոսը կարող էր ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարել, թե Շուշին ադրբեջանական է. «ԱԺ-ն մանկապարտեզի տպավորություն է թողնում, տրանսգենդերի խայտառակ ելույթը բնորոշում է այն: Մինչդեռ հիշեք Գերագույն խորհրդի քննարկումները: Լենա Նազարյանը հարցնում է, թե ո՞ւմ զավակները պիտի կռվեն ապագայում, այսինքն՝ պարզ ասում է՝ մեզ վրա հույս չդնեք, մենք հայրենիք չենք պահելու: Պատերազմը խաղ չէ, կառավարում չի եղել, և այդ պատճառով՝ մեր երեխաները չեն վերադառնալու: Զինվորներն այս պատերազմում ինչ-որ ուրիշ բանի էին սպասում»: Բանաստեղծի պնդմամբ՝ մերժելի էր հանուն էժան քարոզչության «Էրատո» ջոկատի ստեղծումը կամ վարչապետի որդու շուրջ կեղծ հերոսապատում կառուցելը, նրան մյուս մարտիկներին հավասարեցնելը: «Պատերազմն այդ վայրը չէ, այն կյանք է արժենում: Իմ որդին որևէ լուսանկար չունի ճակատից, նա չէր գնում լուսանկարվելու: Այսօրվա պարտված իշխանությունների մնալն անընդհատ հակադրում են նախկինների վերադարձին, բայց չէ՞ որ ձեզ բերել են նրա համար, որ չհամեմատվեք: Նրանք գոնե երկիրն էին պահում թշնամուց, հաղթական շունչ կար, պարզ է, որ ծանր բեռ է եղել աշխարհի հետ խոսելը, պատերազմ կանխելը, հաղթականությունը պահպանելը: Այսօր դա էլ չկա, մենք ամեն օր կորցնում ենք, պետք է զսպել այս սրընթաց անկումը: Հայրենիքս հիմա առավել սրբացել է ինձ համար իմ զավակով և իր նման քաջերով»,- ամփոփել է Խաչիկ Մանուկյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր