211652_close_icon
views-count1400 դիտում article-date 10:55 28-01-2021

Խորհրդային մոդելը մրցունակ չէ ՆԱՏՕ-ի որդեգրած ժամանակակից մոդելի դեմ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը»,- վերջերս «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այդ պաշտոնն էր զբաղեցնում արցախյան պատերազմի ժամանակ՝ այն պատերազմի, որում մենք ջախջախիչ պարտություն կրեցինք: Եվ իսկապես՝ ո՞վ էր Արցախում կազմակերպում ինքնապաշտպանությունը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Դավիթ Տոնոյա՞նը, Օնիկ Գասպարյա՞նը, Արայիկ Հարությունյա՞նը, Ջալալ Հարությունյա՞նը, գուցե Սամվել Բաբայանը կամ Աննա Հակոբյա՞նը: Պաշտպանության նախկին նախարարը իրավացի է այն առումով, որ այդ հարցի սահմանադրական կարգավորումները հստակ չեն, եւ պատերազմի ժամանակ դա իսկապես կարող է նպաստել խառնաշփոթի առաջացմանը: Այս կամ այն գործողություն իրականացնելու հրամանը պետք է տրվի մեկ կետից եւ անվերապահորեն կատարվի բոլորի կողմից: Ի դեպ, դա վերաբերում է նաեւ ԱԱԾ-ին, որն, ի վերջո, նույն զինվորական ծառայությունն է իրականացնում: Բայց ավելի շատ, քան օրենսդրական բացերը, անհստակությանը եւ խառնաշփոթին նպաստում էր Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության եւ առաջին հերթին՝ վարչապետի դիլետանտիզմը: Հայտնի օրինաչափություն է. որքան մարդ տգետ է, այնքան՝ ինքնավստահ, որեւէ նոր բան սովորելու անընդունակ եւ, որպես կանոն՝ պարանոյային հակված: 2,5 տարի պաշտոնապես գերիշխող մտայնությունն այն էր, որ մեր գեներալների եւ բարձրաստիճան սպաների զգալի մասը դավաճան է ու հեղափոխության թշնամի: Այդ միտքը հաջողությամբ մտցվել է լյումպենացված զանգվածի գլուխը՝ «բա ճիշտ էր արել Նիկոլը, որ Աննային ուղարկել էր գլխավոր շտաբ՝ դավաճանությունն էր ուզում կանխել»: Պետության եւ բանակի մասին նման պատկերացումներով դժվար է հաղթել պատերազմում: Մինչդեռ վստահ եմ, որ մեր գեներալների, սպաների ու զինվորների ճնշող, բացարձակ մեծամասնությունը հայրենասեր, իրենց գործին նվիրված ու խիզախ մարդիկ են: Պարզապես քաղաքական ղեկավարությունը պետք է ա/ վստահի նրանց գիտելիքներին, ականջալուր լինի նրանց հայտնած տեղեկություններին, ոչ թե ղեկավարվի սեփական երեւակայությամբ ու ամբիցիաներով, բ/ նրանց առջեւ դնի հստակ եւ իրագործելի խնդիրներ: Իսկ ընդհանրապես այն մոդելը, որով գործում է մեր բանակը, հնացել է, եւ այստեղ, այո, պետք է մեղադրել ոչ միայն ներկա, այլեւ նախորդ իշխանություններին: Խորհրդային մոդելը, ըստ որի՝ պետք է հավաքագրել հնարավորինս շատ զինվորների եւ նրանց ուղարկել խրամատներ, մրցունակ չէ ՆԱՏՕ-ի որդեգրած ժամանակակից մոդելի դեմ, երբ մասնագետները նստած են ռազմական գործողություններից տասնյակ կիլոմետր հեռու ղեկավարման կետերում եւ համապատասխան կոճակներ են սեղմում: Հուսամ, Հայաստանի հաջորդ ղեկավարությունը բավականաչափ գիտելիքներ կունենա՝ դա հասկանալու համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր