88089 դիտում
11:44 03-02-2021
Լարված իրավիճակ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում․ ուսուցիչները հայտարարել են գործադուլ, աշակերտները՝ դասադուլ․ նրանք արգելեցին նոր նշանակված տնօրենին մուտք գործել դպրոց․ ժամանել են ոստիկաններ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 3-ին, Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի բակում են հավաքվել մեծ թվով աշակերտներ և ուսուցչական կոլեկտիվը, ովքեր, ի նշան բողոքի, հայտարարել են անժամկետ դասադուլ և գործադուլ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին․
«Մեզ մոտ տնօրենի ընտրություններ էին։ Մի թեկնածուն Մետաքսյա Բաբայանն է, մյուսը՝ դրսից Առաքելյան Քարմիլեն՝ 10-րդ հիմնական դպրոցից։ Ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդի 4 անդամները, որոնք դրսից եկած էին, իրենց ձայնը տվեցին Առաքելյանին։ Այսինքն՝ 4-4 հավասար ձայներ հիմա կան։ Մենք համամիտ չենք, մենք ուզում ենք, որ մեր տնօրենը շարունակի մեզ հետ աշխատել։ Նրա հետ աշխատել ենք երկար տարիներ, 5 տարի եղել է տնօրեն, ունի պետական մտածողություն, շատ լավ դպրոցաշինության մոտիվացիա, միշտ գիտի ուր է գնում, ինչպես պետք է կատարի իր աշխատանքը։ Ունի անձնային հրաշալի որակներ, վստահելի ղեկավար է, տեսակով լավ մարդ, լավ ընկեր։
Նրա օրոք մեր դպրոցը ծաղկել, բարգավաճել է։ Մենք բոլորս գնահատում ենք նրա աշխատանքը։ Մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է։
Մեր պահանջը արդարացի է, մենք ուզում ենք շարունակել մեր աշխատանքը մեր նախկին տնօրենի՝ Մետաքսյա Բաբայանի, հետ։
Մեր աշխատանքը մի կառուցողական աշխատանք է, մենք լրացնում ենք միմյանց, մի ամբողջություն ենք կազում միասին։
Մեր պահանջը պարզ է։ Այսօրվանից դասադուլ ենք արել և կշարունակենք՝ մինչև հասնենք մեր նպատակին։ Մեզ հետ համամիտ է ծնողական համայնքը, բոլոր ուսուցիչները։ Մեր պահանջն իրավացի է։ Մեզ հետ վատ են վարվել»։
Դպրոցի սաներն էլ իրենց հերթին ասում էին․
«5 տարի որպես տնօրեն, իսկ մինչ այդ էլ որպես պատմության ուսուցչուհի, մեր աչքերով ենք տեսել նրա թե՛ աշխատանքային, թե՛ մարդկային հատկանիշները։ Եթե վատ ուսուցչուհի լիներ, ապա նրա թեկնածությունը որպես տնօրեն չէր առաջադրի կոլեկտիվը, մենք էլ՝ որպես դպրոցի սաներ, չէինք ուրախանա ու չէինք սատարի։
Մենք՝ որպես դպրոցի սաներ, պահանջում ենք, որպեսզի դրսից օտար մարդ չբերեն մեր վզին փաթաթեն։ Մենք, միևնույն է, մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի հիվանդացած արդարությունը չմահանա։ Երբ նախկին մարզպետը դպրոցի կառավարման խորհուրդ մխրճեց իր ազգականներին, արդեն պարզ էր՝ նա հեռահար նպատակներ ուներ։ Ինչպես Աբովյան քաղաքի մի քանի դպրոցներում կատարեց նման քայլ, հիմա էլ մեր դպրոցում է ուզում այդ նորամուծությունը մտցնի։ Նոր նշանակված տնօրենին երեկվանից ուզում ենք հանդիպել, բայց չենք կարողանում։ Լրիվ դառել ա Խաչատուր Աբովյան՝ դուրս ա եկել ու չի վերադարձել»։
Այս պահին դպրոցի բակում շարունակվում է բողոքի ակցիան։
[b]Քիչ առաջ դպրոց ժամանեցին Ոստիկանության Կոտայքի բաժնի մի քանի ծառայողներ, որից հետո ժամանեցին նոր նշանակված տնօրենը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի հետ։ Սակայն կոլեկտիվը երկաթե դարպասների մոտ դուռը փակել է և արգելում է նրանց մուտքը դպրոց, բացականչելով՝ «հեռացի՛ր-հեռացի՛ր», «մեր տնօրենը Մետաքսյա Բաբայանն է» և «արդարություն»։[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+