211652_close_icon
views-count1798 դիտում article-date 15:29 04-02-2021

Եվրոբոնդերով ներգրավվող 750 միլիոն դոլարից 250 միլիոնը որպես ֆինանսական բարձիկ կհաշվառվի կայունացման դեպոզիտային հաշվին

Հաշվի առնելով շուկայի նպաստավոր պայմանները՝ նպատակահարմար է համարվել եվրոբոնդերի թողարկման միջոցով ներգրավել 250 մլն դոլար ավելի, քան ի սկզբանե բյուջեով նախատեսված ծրագիրն էր: Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով 750 մլն դոլարի նոր եվրոբոնդերի թողարկմանը: Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է 10 տարի ժամկետով ՀՀ-ին տրամադրված պարտքին, որի թողարկման եկամտաբերությունը 3,875 տոկոս է։ «Մենք ունենք հետևյալ պատկերը՝ 3,875 տոկոս թողարկման եկամտաբերություն և 3,6 տոկոս արժեկտրոնային եկամտաբերություն։ Ունենք նաև վարկերի ստացման ծրագիր, ինչպես նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ և մեր մյուս գործընկերներ, այնպես էլ բյուջետային աջակցության նպատակով մոտավորապես 50 մլրդ դրամի վարկ։ Եվ շուկայի նպաստավոր պայմանները հաշվի առնելով՝ նպատակահարմար է համարվել 250 մլն դոլարով ավելի ներգրավել, քան ի սկզբանե բյուջեով նախատեսված ծրագիրն էր։ Եվ կառավարության այսօրվա որոշմամբ առաջարկվում է 250 մլն դոլարին համարժեք գումարը հաշվառել կայունացման դեպոզիտային հաշվին՝ որպես ֆինանսական բարձիկ՝ ըստ անհրաժեշտության հետագայում տարվա ընթացքում ծագող խնդիրների նպատակով օգտագործելու համար»,- ասաց Ջանջուղազյանը:

Նմանատիպ նյութեր