Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն փակում է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հնարավորությունը, նա զգուշանում է բանտում հայտնվելուց. Աղասի Ենոքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. Եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, կհայտնվի բանտում, որքան նա մնում է իշխանության, այդքան մնում է ազատության մեջ․ իշխանություններն սկսեցին խոսել արտահերթ ընտրությունների մասին, երբ փողոցային ճնշումը նվազեց, դա ոչ թե ընդդիմության պարտադրանքն էր, այլ վերալեգիտիմացման պահանջը, բայց իրենք հաշվարկեցին, որ իմքայլականների միասնականության խնդիր կա, ապա և՝ ընդդիմությանը պառակտելու հույս կար, բայց դա չեղավ:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Իմքայլականները մտածում են անձամբ իրենց կաշին փրկելու մասին, այնտեղ թիմը հանուն ինչի՞ է՝ Փաշինյանի՝ իշխանությունից չհեռանալո՞ւ։ Այսօր նրա իշխանությունը գոյություն ունի զուտ իր թիկնապահների քանակի շնորհիվ, դրանից ոգևորվելով՝ թիմակիցներն ասում են, թե իրենք լեգիտիմ են։ Իշխանությունը հետևողականորեն փակում է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հնարավորությունը, երբ հենց իրենք էլ ոտնահարում են այդ Սահմանադրությունը»,- ասել է քաղաքագետը:
Ըստ Ենոքյանի՝ խորհրդարանականների հետ աշխատանքը և փողոցային ճնշումը կշարունակվեն, դրանց համադրումը կբերի լուրջ արդյունքների. «Փաշինյանը խայտառակ ձևով տապալել է Արցախի հարցը, չգիտեմ՝ դավաճանությո՞ւն է, հիմարությո՞ւն, թե՞ տգիտություն։ Անհասկանալի է՝ ինչի՞ համար է նա մնում իշխանության, որևէ այլ հարց էլ չի լուծել, կոռուպցիայի դեմ պայքարում խայտառակ վիճակում ենք, ժողովրդավարության մակարդակով նահանջում ենք, տնտեսությունը ճգնաժամի եզրին է։ Անկախ նրանից՝ հիմա՞ր է, թե՞ դավաճան, պետք է պատասխան տա»:
Քաղաքագետի կարծիքով՝ գերիների վերադարձման հարցով առաջընթացի բացակայությունը ցույց է տալիս բանակցային գործընթացնում մեր վիճակը, փոխարենը ստորագրվում է հաղորդակցությունների բացման մասին փաստաթուղթ. «Եթե նոյեմբերի 9-ին ճնշում կար, հունվարին էլ հո չկա՞ր, լուծեիք գերիների հարցը։ Հանրային պահանջը պետք է ձևակերպվի Նիկոլ Փաշինյանի՞ որոշմամբ, ի՞նքն է որոշում դա։ Փոխանակ պատրաստվեինք պատերազմի կամ պայքարեինք կորոնավիրուսի դեմ, պետական ռեսուրսները լծվել էին ՍԴ կազմը փոխելուն։ Խորհրդարանական ուժերը կարող են քայլերի գնալ փողոցի ճնշման տակ»:
Աղասի Ենոքյանի պնդմամբ՝ Փաշինյանն ստեղծել էր ԶՈՒ այնպիսի Գլխավոր շտաբ, որն ամբողջովին իր կամակատարն էր, ԳՇ-ն պարտության մեջ նույնչափ պատասխանատու է. «Կոչումները շռայլորեն բաժանվել են, բայց դա չի նշանակում, թե Հադրութը կամ Շուշին չեն հանձնվել։ Այսօր ԱԱԾ-ում լուրջ քաոս է։ Ոստիկանությունը միգուցե վիրավորվել է, որ իրենց գործընկերներին թնդանոթի միս են դարձրել, բայց նրանց էլ պարգևավճարներ են բաժանում»:
Քաղաքագետի պնդմամբ՝ դժվար է գտնել որևէ անձի, որն ավելի լավ կծառայի Ռուսաստանի շահերին, քան Փաշինյանը, նա ամբողջապես կախված է ՌԴ-ից և չունի միջազգային լեգիտիմություն: «Այս իշխանությունը որևէ արևմտյան արժեք չի կրում՝ օրենքի գերակայություն, խոսքի ազատություն, մարդու իրավունքներ։ Տվյալ փուլում Ռուսաստանը փորձում է հնարավորինս դիրքավորվել, որից հետո նա Հայաստանում կարիք կունենա ուժեղ իշխանության, բայց առայժմ մենք ինքնիշխանության անվերականգնելի կորուստներ ենք կրում»,- ամփոփել է Աղասի Ենոքյանը: