211652_close_icon
views-count1922 դիտում article-date 16:38 09-02-2021

Ադրբեջանը շարունակում է գերեվարված պահել քրիստոնյա հայ ռազմագերիներին. The American Conservative

Արցախի հայկական հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նոյեմբերի 9-ին դադարեցնելուց հետո էլ Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ զինվորական ու քաղաքացիական գերիների պահել, վատ վերաբերմունք ցույցաբերել և նույնիսկ կտտանքների ենթարկել: Այս մասին տեղեկանում ենք American Conservative պարբերականից՝ հիշատակելով, որ Հարավային Կովկասում Արցախի դեմ պատերազմն Ադրբեջանն ու Թուրքիան սկսել էին անցյալ տարի սեպտեմբերին: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

Հայերի դեմ զինված հարձակումներում Ադրբեջանին աջակցելու համար Թուրքիան լայնածավալ գործողություններ է սկսել և Ադրբեջան տեղափոխել սիրիացի վարձկանների: Պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմն առանց խտրականության ռմբակոծել ու հրթիռակոծել է Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ բնակելի տներ, եկեղեցիներ և ծննդատներ: Ադրբեջանական զինված ուժերը բազմիցս կասետային զինատեսակներ և սպիտակ ֆոսֆոր են կիրառել քաղաքացիական բնակավայրերում և անտառներում:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարության 8-րդ կետի համաձայն պետք է ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների աճյունների փոխանակում լիներ: Ադրբեջանն այս կետի իրականացումը մինչ օրս ձախողել է:

Նշվում է, որ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների կամ տարեց քաղաքացիների գլխատման կամ անդամահատման բազմաթիվ տեսագրություններ են հայտնվել համացանցում:

Միաժամանակ, անհայտ է գերեվարված բազմաթիվ հայերի ճակատագրերը: Նրանց թվում է նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որն անցյալ տարի Բեյրութի պայթյունից հետո Լիբանանից իր քրոջ հետ տեղափոխվել էր Արցախ: Մարալը ցանկացել է իր իրերը վերցնել տնից, սակայն գերեվարվել և անհետ կորել էր:

Այս դաժանությունը հիմնականում պայմանավորված է հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ինստիտուցիոնալ քարոզչությամբ: Պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հայատյաց դրոշմանիշների թողարկմանը: Շատ իրավապաշտպաններ սոցիալական հարթակներում դատապարտել էին դրոշմանիշների թողարկումը:

Ադրբեջանի՝ հայ ռազմագերիներին վերադարձնելուց հրաժարումը ոչ միայն հայտարարության 8-րդ կետի կոպիտ ոտնահարում է, այլև՝ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի ժնևյան կոնվենցիայի բացահայտ ոտնահարում:

Նմանատիպ նյութեր