211652_close_icon
views-count2024 դիտում article-date 09:44 16-02-2021

Օմանի ծոցում սկսվել են ռուս-իրանական 4-օրյա համատեղ զորավարժությունները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում եւ Օմանի ծոցում երեկ սկսվել են ռուս-իրանական 4-օրյա համատեղ զորավարժությունները, թեեւ մեկնարկը նախատեսված էր այսօր։ Պաշտոնապես հայտարարվել էր, որ զորավարժությունների նպատակը տարածաշրջանի անվտանգության ամրապնդումն է, ինչպես նաեւ Թեհրանի ու Մոսկվայի միջեւ համագործակցության ամրապնդումը:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, արեւելագետ Գոռ Գեւորգյանը նշեց, որ այս համատեքստում խոսքը վերաբերում է ծովային առեւտրային երթուղիների անվտանգության բարձրացմանը, ծովահենության եւ ահաբեկչության դեմ պայքարին, մարտավարական փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ ծովում փրկարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը:

«Մենք այսօր շատ բարդ ժամանակաշրջան ենք ապրում։ Այն արտահայտվում է նաեւ աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերով, եւ դրանց մեջ շատ կարեւոր է հասկանալ, թե յուրաքանչյուր պետություն ինչպես է դիրքավորվում։ Արցախի Հանրապետության նկատմամբ ծավալած պատերազմի արդյունքում տարածաշրջանում հստակ ձեւավորվել են աշխարհաքաղաքական նոր իրողություններ, եւ այս պարագայում թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմը հասկանում է, որ պետք է ունենան ամբողջությամբ վերաամրագրված տեսլական։ Չեմ կարծում, որ այն նախկինում չի եղել, սակայն նոր իրողությունների պայմաններում երկու կողմն էլ գիտակցում են որոշ հարցերի շուրջ սերտաճած քաղաքական դիրքորոշման անհրաժեշտությունը»,- ասաց պատգամավորը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր