Բանակն ինքը պետք է առաջնահերթ մերժի նրանց, ովքեր չեն ծառայել, բայց կառավարության կազմում են. Սեյրան Օհանյան
Լավ օրից չէ, որ մենք այսօր Ազատության հրապարակում ենք, սակայն նայելով ձեզ` համոզվում եմ, որ Հայաստանում կրկնազարթոնքը լինելու է, մենք ոտքի ենք կանգնելու ու ՀՀ-ն ու Արցախը տանելու ենք առաջ, 1988-ին համազգային շարժմամբ ձեռք բերված արժեքները, այսօրվա ապազգային իշխանությունը տարավ կործանման: Այս մասին այսօր Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:
Նա անդրադառնալով 44 օրյա պատերազմին ու բանակի նկատմամբ վերաբերմունքին՝ ասաց, որ բանակը չի պարտվել. «Այս պարտությունը գցել բանակի վրա ճիշտ չէ, բարոյական չէ, որովհետև այս պատերազմի ժամանակ բանակը միայնակ էր հակառակորդի դեմ, բանակը մնացել էր առանց թիկունքի, զինվորը, հրամանատարը քաջաբար կռվել են, իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի համար, այդպես էլ եղել է, պարզապես բանակի թիկունքը պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում շատ փխրուն է եղել»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայոց բանակը մնում է ու պետք է մնա հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը. «Այս ամենը տեսնելով՝ բանակն ինքը պետք է մերժի առաջնահերթ նրանց, ովքեր չեն ծառայել, բայց կառավարության կազմում են, համաձա՞յն եք, հայոց բանակն ինքը պետք է մերժի այն մարդկանց, ովքեր իրեն թիկունք չենք կանգնել, համաձա՞յն եք, հայոց բանակը պետք է մերժի այն իշխանություններին, ովքեր զորահավաք չեն կատարել, ապրիլյանից հետո չեն գնել այն զենքերի խմբաքանակը, որը պետք է աջակից լիներ հայ զինվորին, և այս ամենի արդյունքում հայկական բանակը, կարծում եմ, համապատասխան քայլեր պետք է կատարի, այս հոգեկան արգելակված իրավիճակից դուրս գալու համար»: