211652_close_icon
views-count1743 դիտում article-date 18:48 01-03-2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունում դիպլոմներ են հանձնվել ԱԻՆ ՃԿՊԱ շրջանավարտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2020-2021թթ. ուսումնական տարվա ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ և աղետների հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությունը: Շնորհավորանքներից բացի, այսօր խոսվել է նաև շրջանավարտներից ունեցած սպասելիքների մասին:

«Հարգելի՛ գործընկերներ, ձեզ այսպես եմ դիմում, քանի որ ձեզանից շատերը համալրելու են մեր շարքերը, ուզում եմ հայտնի ճշմարտությունը բարձրաձայնել. դինամիկ զարգացող այս աշխարհում ամենաուժեղ զենքը գիտելիքն է: Երբեք չբավարարվեք ձեր ձեռք բերած գիտելիքներով, քանի որ դրանք մեր հայրենիքի վերականգնման ու շենացման համար այսօր ավելի քան անհրաժեշտ են»,- նշել է նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Հարկ եմ համարում նշել, որ ակադեմիայի տված գիտելիքները կիրառական են դառնում ոչ միայն ԱԻՆ համակարգի, այլև պետության կառավարման մնացած ճյուղերում արդյունավետ ծառայելու համար: Ձեր ընտրած ուղին, վստահաբար, հեշտ չէ, քանի որ ո՛չ միայն ուրիշի կյանքեր եք փրկելու, այլև շատ հաճախ վտանգելու եք ձեր կյանքը՝ ուրիշին փրկելու համար: Վստահ եմ, որ մեծ պատասխանատվությամբ եք վերաբերվելու ձեր գործին և հասկանում եք, որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենօրյա համառ պայքար՝ հանուն փրկված կյանքերի և ընդդեմ աղետների անդառնալի հետևանքների»,- ասել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, ակադեմիայի խորհրդի նախագահ Արմեն Փամբուխչյանը:

Ապագա մասնագետներից մեծ սպասելիքներ է ունեցել նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս: Աղետների հոգեբանություն մասնագիտությամբ այս տարի առաջին շրջանավարտներն ենք տալիս: Կարևորելով ձեր առաքելությունը՝ կարծում եմ, որ դուք կգնաք այս նոր գիտական ուղղությամբ»,- ընդգծել է նա:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսները երդվել են բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց պարտականությունները, անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները՝ անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից,կրոնական դավանանքից, հնարավորինս ամեն ինչ անել՝ աղետների կանխման և կանխարգելման համար, ամբողջ ուժով օժանդակել արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի զարգացմանը, պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթը, բարոյական նկարագիրը և բարձր պատիվը:

Նշենք, որ ՃԿՊԱ-ն հիմնադրվել է Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման տարիներին՝ որպես կադրերի վերապատրաստման ինստիտուտ, այնուհետև վերանվանվել է արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտ, իսկ 2005 թվականից՝ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Մինչ օրս ակադեմիան 2500 շրջանավարտ է տվել, որոնց մեծ մասն աշխատում են ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր