211652_close_icon
views-count4825 դիտում article-date 21:34 01-03-2021

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն ավարտվեց երթով դեպի ՀՀ նախագահի նստավայր

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ, դիմելով մասնակիցներին, նշեց, որ պայքարի ընթացքում առջևում շատ աշխատանք կա կատարելու:

«Այսօր ժողովուրդն է այստեղ: Ժողովուրդն է, որ պետք է վերականգնվի, նվաճի Արցախը, իր հզորությունը ցույց տա: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք նախկինը, մենք ավելի բարձր մակարդակի պետք է հասնենք: Պետք է վերածնվենք նոր մակարդակով՝ ձգտելով մեծ գաղափարների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկությունը ՀՀ վարչապետը կրկին ուղարկել է ՀՀ նախագահին, ով եռօրյա ժամկետում որոշում պետք է կայացնի:

«Հետո հարցն անցնելու է Սահմանադրական դատարան: Մենք պետք է կանգնած լինենք, որպեսզի այս կառույցն ամուր ձևով պահպանի մեր ժողովրդի, մեր ազգի շահերը: Դա մեզնից է  կախված»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ մեծ պատիվ է հանրահավաքին մասնակցելը, ժողովրդի կողքին գտնվելը:

«Մեր գերագույն հրամանատարը դուք եք, հարգելի հայրենակիցներ: Ուզում եմ շնորհավորել գարնանային առաջին օրը, կարծում եմ՝ այս ոգևորությունը թափ է տալու մեր գործի անիվին, որը բերելու է հաջողության: Մեր նպատակը մեկն է՝ ունենալ փորձառու կառավարություն, որն այս ճգնաժամից կհանի մեր երկիրը»,-ասաց Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, որ շարունակելու են պահանջել ՀՀ վարչապետի հրաժարականը: Նա նշեց, որ հավաքվել են բանակին սատարելու, հայկական բանակին, որը փառապանծ ճանապարհ է անցել:

Շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենց շարքերը գնալով համալրվում են: Նա տեղեկացրեց, որ շարունակելու են մնալ Բաղրամյան պողոտայում: Հանրահավաքը շարունակվեց երթով դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ աջակցություն հայտնելու Արմեն Սարգսյանին:

Նմանատիպ նյութեր