211652_close_icon
views-count2938 դիտում article-date 10:03 02-03-2021

Նիկոլ Փաշինյանը միտումնավոր, գիտակցված 3 տարի շարունակ իր ողջ թիմին դարձրել է իր հանցակիցը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինձ հաճախ են հարցնում, թե ի՞նչն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմից հետո ճաքեր չի տալիս (գոնե ակնառու)։ Ավելին ասեմ՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի իշխանության բուրգն այդքան ամուր չի եղել, որքան Նիկոլ Փաշինյանինը։ Օրինակ՝ ինչպես հետո պարզվեց, «մերժիր Սերժին» օպերացիային թաքուն մասնակցում էին Սերժ Սարգսյանի ամենամտերիմ իշխանավորները, օլիգարխները, ընդհուպ ընտրությունների, այսպես կոչված, «տասովչիկները»։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարության գրեթե կեսը նախկին «սերժականներ» նշանակվեցին պարզ պատճառով, որ նրանք Նիկոլին իշխանության բերելու փայատերերից էին։


Դե, իսկ քայլողների «սրտի» օլիգարխների շարքերը համալրեցին բոլոր այն գործարար-պատգամավորները, որոնց պատգամավոր Նիկոլը մինչ հեղափոխությունը օր ու արև չէր տալիս իր թերթով ու ելույթներով։ Երբ «Մարիոթում» Նիկոլը Սերժ Սարգսյանին ասում էր, թե «ձեզ սխալ են զեկուցում, դուք Հայաստանում իշխանություն այլևս չունեք», նա առաջին հերթին ոչ միայն նկատի ուներ այն, որ նրան իրոք ճիշտ չեն զեկուցում (վստահ ենք, որ հենց այդպես էլ եղել է), այլև այն, որ Սերժ Սարգսյանի իշխանության հենարաններն այլևս իր հետ չեն։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր։ Վերադառնանք Նիկոլի իշխանական բուրգին։ Պատերազմում կապիտուլացվելուց հետո, դիցուք, «Իմ քայլը» խմբակցությունը լքել է մի քանի պատգամավոր։ Ու եթե նկատել եք, Նիկոլին լքած այս պատգամավորները շատ թե քիչ կայացած մարդիկ են, ովքեր անցյալ ունեն ու եթե առաջիկա գումարման ԱԺ-ում ներկայացված չլինեն, ապա, կոպիտ ասած, անապագա չեն մնա։

Մի 2-3 հոգու էլ հանենք, լավ, համոզեցիք, 5-6 հոգու, կմնան նրանք, որոնց կենսագրությունը սկսվել և, վստահ եմ, ավարտվելու է բացառապես Նիկոլի հաշվին այս ընթացքում ԱԺ պատգամավոր, մարզպետ, նախարար, փոխնախարար և այլ կալիբրի պաշտոնյա լինելու արձանագրումով։ Կարդում ես մարդու կենսագրությունը և ապշում՝ ավարտել է x բուհը, որից հետո մեծամասամբ դատարկություն է, և... ընտրվել է պատգամավոր կամ նշանակվել որևէ այլ բարձր պաշտոնի։ Ամիսներ առաջ, երբ մարդիկ միամտորեն արդարացնում էին Նիկոլ Փաշինյանին, թե «խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ինքը լավն ա, թիմն է մի քիչ անփորձ, բայց ժամանակի ընթացքում կշտկվի», այդ մարդիկ չէին հասկանում, որ Նիկոլը անճարությունից չէ, որ պաշտոնների նշանակեց անկիրթ, անփորձ, ընդամենը քայլած մարդկանց։


Նա դա խիստ հաշվարկով է արել, նա դա այսօրվա համար է արել։ Նա ժամանակին կտրուկ մերժում էր որևէ պաշտոնի նշանակել մարդկանց, որոնք ինքնուրույն մտածողություն ունեն, որոնք կայացած են, որոնք ստրկամիտ չեն: Եվ ահա, Նիկոլի իշխանության ամեն մի ներկայացուցիչ այսօր շատ լավ հասկանում է, որ իշխանափոխությունից հետո իր կյանքում երբեք այլևս շանս չի լինելու որևէ պաշտոնում հայտնվելու, ավելին՝ նրանց մեծամասնությունը պատասխանատվության է կանչվելու մի քանի անգամ Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանը սատարելու համար։ Իսկ հիմա հարցը։ Հեշտությամբ կտա՞ն այս մարդիկ իշխանությունը, անգամ եթե նժարին Հայաստանի ապագան է դրված։

Դուք միանգամայն ճիշտ եք... անշուշտ, կամավոր չեն տա։ Ավելին, ոչ միայն հեշտությամբ չեն տա, այլև ատամներով մինչև վերջ այն պահելու համար ոչ մի բանի առջև չեն կանգնի: Վկան՝ երեկվա օրը: Նիկոլ Փաշինյանից սկսած, Ավանի վարչական շրջանի ղեկավարի տեղակալով ավարտած՝ բոլորն էլ հասկանում են՝ կա՛մ մնում են պաշտոններին, կա՛մ վերադառնում են իրենց նախկին անորոշ ու անապագա կյանքին, կա՛մ հայտնվում են մեղադրյալի աթոռին։ Կա՛մ վերջին երկուսը միասին: Բայց ես լավատես եմ։ Շարունակում եմ պնդել, որ անհրաժեշտ է երկխոսել ցանկացած նիկոլականի հետ, առաջին հերթին փրկել նրան Նիկոլի ճիրաններից։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցնե՛ր, անհրաժեշտ է արձանագրել մի շատ կարևոր փաստ, մնացյալը ածանցվում են դրանից։ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր, գիտակցված 3 տարի շարունակ իր ողջ թիմին դարձրել է իր հանցակիցը պարզ պատճառով՝ նա գիտի, որ երկու մարդու ամենաամուր կապող բանը համատեղ գործած հանցանքն է։

Սա է Նիկոլի իշխանության ամրության պատճառը։ Նիկոլը նիկոլականների միակ փրկօղակն է, իսկ նիկոլականները՝ Նիկոլի միակ ամենառեալ հենարանը։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ցանկացած պահի դանակը ոսկորին հասնելու դեպքում կանգնելու են ՀՀ քաղաքացիների, բանակի և, գլոբալ իմաստով, պետության կողքին։ Նույնը երբեք չի անելու «ուսապարկերի խմբակցության» անդամների գերակշիռ մասը՝ անդեմ ու անբովանդակ մասը։ Իսկ մնացածի հետ, ինչպես արդեն նշեցի, պետք է երկխոսել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր