211652_close_icon

«Շարիկովյան» իրականության մեջ «հայրենիք», «բանակ», «պետություն» հասկացությունները չկան․ «Առավոտ»

views-count2738 դիտում article-date 10:27 09-03-2021
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատերազմում մենք նվաստացուցիչ պարտություն ենք կրել, կորցրել ենք Արցախի 70 տոկոսը եւ շատ հնարավոր է՝ կորցնելու ենք ամբողջը, ունենք 4000-ից ավելի նահատակներ, թշնամին ուղղակիորեն սպառնում է Սյունիքին եւ սահմանամերձ այլ տարածքներին, տնտեսությունը փլուզվում է, պետական կառույցները մատնված են անգործության: Բայց Փաշինյանն ու կառավարությունը շարունակում են իշխել: Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է եւ հասկանալի՝ որովհետեւ մենք ապրում ենք «ժողովրդի իշխանության» օրոք՝ այն «ժողովրդի», որին վերը թվարկած աղետները չեն հետաքրքրում:

Բերեմ պարզ օրինակ: Իշխանությունը քարոզում է՝ բանակը սկսել է կառուցվել միայն 2018-ի հեղափոխությունից հետո (մինչ այդ միայն թալանվում էր), ավելին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած թուղթը ճանապարհ է բացում բանակաշինության համար: 

«Ժողովուրդն» այդ անհեթեթությունն ընկալում է, կուլ է տալիս որպես ճշմարտություն. ինչպես ասում են ռուսական շոու-բիզնեսի ցինիկ մենեջերները՝ пипл хавает: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Որովհետեւ այդ քարոզչությունն ուղղված է ոչ թե պետական կառույցների ժառանգականությանը, ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդմանը, այլ հակառակը՝ լյումպենական բնազդների բորբոքմանը: Եվ այդ «շարիկովյան» իրականության մեջ «հայրենիք», «բանակ», «պետություն» հասկացությունները չկան:

Նիկոլ Փաշինյանն, այդպիսով, ինքն իրենով ինչ-որ հրեշ չէ, ոչ էլ նույնիսկ՝ նորմայից շեղում: Նա, ավելի շուտ, լակմուսի թուղթ է, որն ի հայտ է բերել, թե ինչպիսին է «ժողովուրդը», որի իշխանության մասին վարչապետն այդքան սիրում է խոսել: Նա այդ «ժողովրդի» առաջնորդն է, նրա մտքերի, նրա աշխարհընկալման խտացված արտահայտությունը, միանգամայն ներդաշնակ է «ժողովրդի» մտավոր մակարդակի եւ մտածելակերպի հետ: Եթե այդ ժողովուրդն իսկապես կազմում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, ապա դա նշանակում է միայն մի բան՝ մոտ ապագայում մենք կկորցնենք մեր պետականությունը, եւ դա կլինի ոչ թե Փաշինյանի, այլ «ժողովրդի» կամքով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր