211652_close_icon
views-count134150 դիտում article-date 21:20 09-03-2021

Ողբերգական դեպք Երևանում. 3 անչափահաս երեխաների 34–ամյա հայրը էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Ալեքյանի գլխավորությամբ: 

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի տեղակալ  Արսեն Ապերյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը: 

Վերջինս  Այնթապ գյուղի բնակիչ, 34-ամյա  Ռադիկ Գ.-ն էր, ով էլեկտրաենթակայանում  աշխատանքներ կատարելու ժամանակ  էլեկտրահարվել և տեղում մահացել է:

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ  Ա. Ալեքյանի կողմից  նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ ժամը 13:00-ից բազմաբնակարանային այս շենքում էլեկտրամատակարարումը խափանվել է և մահացածն իր  գործընկերների հետ խոտանն էին վերացնում, որպեսզի բնակչությանը կարճ ժամանակում  էլեկտրաէներգիա մատակարարվի և այդ ժամանակ ներսում տեղի է ունեցել ողբերգական դեպքը:

Մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 անչափահաս երեխա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր