211652_close_icon
views-count4754 դիտում article-date 18:44 11-03-2021

ՊՆ-ի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. անհետ կորած զինվորների հարազատները վճռական են տրամադրված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անհետ կորած զինծառայողների հարազատները ավտոմեքենաներով այս պահին դեռ փակ են պահում պաշտպանության նախարարության բոլոր մուտքերն ու ելքերը՝ պահանջելով, որ նախարարն ընդունի անհետ կորած բոլոր զինծառայողների հարազատներին։

ՊՆ-ի շենքի մոտ գտնվող հարազատներին են մոտեցել ՊՆ ներկայացուցիչները, հայտնել, որ նախարարը պատրաստ է ընդունել նրանցից յոթին, սակայն ծնողներին նախարարի առաջարկը չի բավարարել, համաձայն չեն ու պահանջում են բոլորին ընդունել ու հարցերին հստակ պատասխան տալ։

«Երեք պոստն էլ փակ է։ Իրենք խառնվել են իրար, որովհետև հեսա գալիս է աշխատանքային ժամի ավարտը և պետք է մեր մեքենաները դուրս գան, որ իրենց աշխատողները ևս դուրս գան։ Ինչքան ծնող կա, պետք է մտնեն ու պետք է ռեալ օր ու ժամ ասեն, թե գերիների հարցով ո՞վ է խոսելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Անհետ կորած զինծառայողի հարազատ Էմիլ Սարգսյանը։

Տեղեկացրեցին նաև, որ եթե նախարարը չհամաձայնի ընդունել բոլորին, շարունակելու են փակ պահել նախարարության ելումուտերը։

«Մեր պահանջն է գերիներին անհապաղ վերադարձնել, որոնողական աշխատանքները լայն ծավալով սկսել ու շարունակական ապահովել այդ աշխատանքների կատարումը։ Իրենք դրանով չեն պրծել, որ հիմա ասում են վերջացրել են։ Ղարաբաղում բոլորը ձեռքերը լվացել, քաշվել են մի կողմ, նստել են իրենց համար ու վայելում են իրենց հաճույքները»։

Զինծառայողների հարազատները ուրախ են, որ ոչ Հայաստանի իշխանությունների ջանքերով, բայց վերջապես տուն վերադարձավ նոյեմբերի 11-ից գերության մեջ հայտնված Մարալ Նաջարյանը։ Հիմա համոզվում են, որ հնարավոր է մեծ ջանքեր գործադրելու դեպքում գերության մեջ պահվող մյուս անձանց ևս վերադարձնել։

«Մենք առաջինն ենք խնդրել, որ գոնե կանանց վերադարձնեն։ Տեսանք Մարալի լուսանկարը, նայում եմ ու արտասվելս է գալիս։ Ռուսաստանը եթե ուզի, իր համար մեկ շաբաթվա խնդիր է լինելու մյուսներին վերադարձնելը»,- ասել է մեր զրուցակիցը։

Հ.Գ. Զինծառայողների հարազատները ՊՆ մուտքի մոտ արգելել են նաև լրատվամիջոցների աշխատանքը՝ թույլ չտալով, որ լուսաբանեն իրենց ակցիան։ Հասկանալով զինվորների հարազատների վիշտը, նրանց հոգեբանական վիճակը, այդուհանդերձ, պետք է փաստենք, որ որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս վիրավորել իրենց մասնագիտական պարտքն իրականացնող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ինչն ուղղակի անընդունելի է։ Ակներեւ է, որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են շահարկել նրանց վիշտը՝ թիրախավորելով նաեւ լրագրողներին, ինչին տրվում են հարազատները՝ առանց գիտակցելու, որ եթե չլիներ խնդրի բարձրաձայնումը, չապահովվեր հանրային վերահսկողությունը լիազոր մարմինների նկատմամբ, ապա դժվար թե արձանագրվեր այն փոքր արդյունքը, որն այսօր ունենք՝ ի դեմս մի քանի տասնյակ գերիների վերադարձի։

Լրագրողի առաքելությունն է լուսաբանել, խոսել նաեւ այն ցավոտ թեմաների մասին, որոնք փորձում են թաքցնել, քողարկել կառավարությունն ու հասարակական հարաբերությունների հիմնական դերակատարները։ Իզուր չէ, որ ժողովրդավարական երկրներում լրագրողներին կոչում են նաեւ «հսկող շուն»։ Ի գիտություն, շարունակելու ենք հետեւողական լինել հայ գերիների եւ անհետ կորած մեր քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքների նկատմամբ՝ ինչպես միշտ հարգելով լրագրողական էթիկայի բոլոր կանոնները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր