211652_close_icon
views-count1542 դիտում article-date 11:35 12-03-2021

Մատենադարանի մասնագետները կաջակցեն Մերձավոր Արևելքում վնասված ձեռագրերի վերականգնմանը. Վահան Տեր-Ղևոնդյանը՝ նոր ծրագրերի մասին

Համավարակով ու պատերազմով պայմանավորված 2020 թվականի դժվարություններից հետո ինչպես բազմաթիվ կառույցներ, հաստատություններ ու կենտրոններ, այնպես էլ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ընթացիկ տարում փորձում է վերականգնել աշխատանքի տեմպը: Վերականգնել ու ներկայանալ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և խոսել 2020 թվականի դժվարություններից:

2020-ը ծանր, սակայն որոշակի արդյունքներով տարի էր

Ինչպես ամբողջ երկրի, տարբեր հաստատությունների համար, Մատենադարանի համար ևս տարին ծանր էր: Թեպետ, Վահան Տեր-Ղևոնդյանի կարծիքով, դա պետք է դիտարկել տարբեր կողմերով:

«Ինչպես գիտեք, Մատենադարանը մի շարք ուղղություններով է գործունեություն ծավալում: Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները պակաս չափով են տուժել: Մարդիկ երկար ժամանակ տան պայմաններում են եղել, սակայն աշխատել են: Կարող եմ ասել, որ գիտական հոդվածների թվով, նույնիսկ 2020 թվականը 18-ով գերազանցում է 2019-ի արդյունքը: Ընդհանուր առմամբ 132 գիտական հոդված է տպվել: Ակնհայտ է, որ չէին կարող չտուժել այնպիսի աշխատանքներ, ինչպես ձեռագրերի թվայնացումը, ձեռագրերի նկարագրման աշխատանքները»,-ասաց Մատենադարանի տնօրենը:

 Մեծապես տուժել են թանգարանային այցելությունները, մոտ 95 տոկոսով: Ըստ էության, Մատենադարանը գրեթե ամբողջովին կորցրել է այցելուներին: Առավել ևս արտասահմանից այցելությունները կտրուկ կրճատվեցին: Բնականաբար արտասահմանյան ուսումնասիրողները ևս զրկվեցին Մատենադարանում աշխատելու հնարավորությունից:

«Հույս ունենք, որ կամաց-կամաց իրավիճակը կփոխվի, թեպետ, եթե նույնիսկ 2021 թվականը բարեհաջող ընթացք ունենա, միևնույն է դժվար կլինի 2019 թվականի տեմպերը միանգամից վերականգնելը: 2019-ին մենք 132 հազար այցելու ենք ունեցել թե Հայաստանից, թե արտասահմանյան բազմաթիվ երկրներից: Այդ տարին մեզ համար ռեկորդային էր»,-հավելեց նա:

2021-ին աշխատանքի տեմպի վերականգնում, նոր շեշտադրումներ:

Հետազոտական, հրատարակչական աշխատանքները ինչպես նախորդ տարի, այս տարի ևս շարունակվելու են առանց դադարի, առանց դանդաղեցման: Ինչ վերաբերում է գիտաժողովներին, ապա նախորդ տարի որոշները հետաձգվեցին, իսկ տարվա վերջին ունեցան 2-ը, որից մեկը նվիրված էր Մխիթար Գոշին, մյուսը երիտասարդական էր:

«Այս տարի, որպեսզի միջոցառումները վտանգի տակ չդնենք, որոշեցինք, բոլոր նախատեսած գիտաժողովներն հենց սկզբից կազմակերպել հեռավար տարբերակով: Առաջիկայում մենք ունենք Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված  գիտաժողով հունիսին (հետաձգված անցյալ տարվանից): Գիտությունների ակադեմիայի հետ համատեղ ունենք գիտաժողով՝ նվիրված Գրիգոր Տաթևացուն, հավանաբար սեպտեմբերին»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մյուս աշխատանքները ներկայում ընթանում են, խոսքը վերաբերում է նաև ձեռագրերի վերականգնմանն ու թվայնացմանը: Ցուցասրահները աշխատում են: Օրեր առաջ Մատենադարանն ունեցավ մի նոր ցուցադրություն՝ նվիրված Արցախի ձեռագրերին: Մոտ մեկ ամսից ևս մեկ դահլիճ կբացեն, որտեղ կներկայացվեն օտարալեզու ձեռագրեր՝ պարսկերեն, վրացերեն, արաբերեն, օսմաներեն, եբրայերեն, հունարեն, լատիներեն, եթովպերեն և այլն: Ներկայացվելու են 20-ից ավելի լեզուներով  ձեռագրեր, որոնք պահվում են Մատենադարանում: Այս տեսքով նման ցուցադրություն չեն ունեցել:

Տեխնոլոգիական լուծումներ Մատենադարանի աշխատանքում

Ավրորա մարդասիրական նախաձեռնության և Գալուստ Գյուլբենկյան հաստատության աջակցությամբ իրականացրեց ծրագիր, որն իրենից ներկայացնում է հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզ: Ստեղծվեց տվյալների մեծ բազա, որը մուտքագրվեց համապատասխան ծրագրի մեջ: Այսօր ցուցասրահներում դրված մեծ մոնիտորներով այցելուները կարող են հայկական գրչության կենտրոնների քարտեզի վրա գտնել նախընտրած պատմական նահանգն ու գավառը, և մեկ, երկու հպումով ծանոթանալ տվյալ վանքի, գրչության  կենտրոնի, ձեռագրերի պատմությանը, գրիչներին, ծաղկողներին, դիտարժան մանրանկարներին: Հարուստ մի ծրագիր է հայերեն և անգլերեն լեզվով: Նշվում է, որ ժամանակի ընթացքում թե լեզուները, և թե բովանդակությունը կարելի է ավելացնել: Սա նորույթ է, առաջիկայում կլինի պաշտոնական բացումը:

Վիրտուալ Մատենադարան

Շուտով Մատենադարանը կունենա նաև վիրտուալ այցելություններ: Ծրագիրը մշակման փուլում է:

«Մի ծրագրի վրա ենք աշխատում, որը կոչվում է վիրտուալ Մատենադարան: Այն հնարավորություն կտա աշխարհի ցանկացած տեղից վիրտուալ տարբերակով մուտք գործել Մատենադարան, ցուցասրահներ, տեսնել ներկայացված ձեռագրերը ուղեկցող բացատրություններով: Մի բան, որ աշխարհի խոշոր մշակութային կենտրոնները, թանգարաններն ունեն, իսկ մենք չունեինք: Մինչ համավարակը մտածում էինք այդ ուղղությամբ, սակայն 2020-ի զարգացումներն էլ ավելի կարևոր դարձրին նման ծրագրի իրականացումը:  Այս ծրագիրը ևս հովանավորում է Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը: Այն պատրաստ կլինի աշնանը»,-ասաց նա:  

Ձեռագրերի թվայնացում,  կրկնագրերի ուսումնասիրություն, համագործակցություն գերմանացի գործընկերների հետ

Կրկնագրերի ուսումնասիրության ուղղությամբ Մատենադարանը շարունակում է աշխատանքները, անհրաժեշտ սարքավորումն ունեն, սակայն որոշ տեխնիկական սարքերով լրացումների անհրաժեշտություն կա: Այդ հարցում համագործակցում են գերմանացի գործընկերների հետ: Առաջիկայում նախատեսվում է Համբուրգի համալսարանին կից հետազոտական կենտրոնի հետ համաձայնագիր ստորագրել, որը հնարավորություն կտա կրկնագրերի  ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքներն առաջ տանել:

«Մինչ այժմ էլ որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց դրանք ավելի նախապատրաստական բնույթ ունեն: Առավել շոշափելի արդյունքների պարագայում անպայման կներկայացնենք հանրությանը: Ասեմ, որ անզեն աչքով երևում է, որ ունենք մոտ 50 ձեռագիր, որոնք կրկնագրեր են: Թեպետ, այդ թիվը կարող է ավելին լինել, ուսումնասիրությունները  ցույց կտան»,-նշեց տնօրենը:

Ինչ վերաբերում է ձեռագրերի թվայնացման աշխատանքներին, ապա եթե աշխատանքի ամբողջական դադարեցում չլինի, ուրեմն տարվա ընթացքում 500-600 ձեռագիր կարող է թվայնացվել: Մատենադարանում պահվող ձեռագրերի շուրջ 25 տոկոսից ավելին թվայնացվել է, որն, ըստ տնօրենի, վատ ցուցանիշ չէ: Թվայնացումը մի քանի առումով շատ մեծ առավելություններ է տալիս: Նախ` հնարավորություն է տալիս արտասահմանում ապրող մասնագետներին առցանց հասանելի դարձնել ձեռագրերի ուսումնասիրությունը: Դրանից բացի, ընթերցասրահում աշխատողներին նույնպես տրվում են թվային տարբերակները: Ձեռագիրը, մեկ անգամ թվայնացվելով, դրանից հետո չի տեղաշարժվում, հետևաբար լավ պահպանվում է, վնասվելու վտանգ չկա: Թվային օրինակը ընթերցողը կարող է ամիսներ շարունակ ուսումնասիրել:

Մերձավոր Արևելքում պատերազմից վնասված ձեռագրերի վերականգնմանը կաջակցեն Մատենադարանի մասնագետները

Կա նախնական պայմանավորվածություն, որ «Իսլամական պետության» կողմից վնասված,  իսկ հետո փրկված ձեռագրերի վերականգնման հարցում աջակցեն Մատենադարանի մասնագետները: Դեռ նախքան համավարակը կար մի այդպիսի ծրագիր, այժմ այդ պայմանավորվածությունը վերաթարմացվում է:

«Հազարների հասնող ձեռագրերի մասին է խոսքը, որոնք փրկվել են բարբարոսների ձեռքից: Առաջացել է ձեռագրերի մի մեծ հանպատրաստից  գրադարան: Այնտեղ կան իսլամական և քրիստոնեական բովանդակության, այդ թվում և որոշակի թվով հայկական ձեռագրեր: Դրանք պետք է նորոգվեն, տեսքի բերվեն: Ձեռագրերն Իրաքից հնարավոր չէ դուրս բերել, բայց տեղում այդ աշխատանքները հնարավոր է կազմակերպել: Հավանաբար որպես առաջին քայլ տեղի ներկայացուցչին կհրավիրենք Հայաստան, կներկայացնենք Մատենադարանի հնարավորությունները: Որից հետո, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ որևէ այլ կառույց հովանավորի ծրագիրը, մեր մասնագետները կայցելեն Իրաքյան Քուրդիստան»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը: Նա ընդգծեց, որ Մատենադարանի մասնագետներն ունեն այդպիսի փորձ. խոսքը վերաբերում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հարուստ ձեռագրատանը ցուցաբերված նմանատիպ աջակցությանը:

Նմանատիպ նյութեր