211652_close_icon
views-count3288 դիտում article-date 23:24 18-03-2021

Նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջադեպի գործի նյութերը վաղը կուղարկվեն ՀՔԾ՝ քրգործ հարուցելու համար. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի և ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո դեպքի վայրի զննություն է իրականացվել: Վաղն արդեն գործի նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական գործ հարուցելու համար: Այս մասին այսօր Tert.am-ին հայտնեց լրագրող Փայլակ Ֆահրադյանի փաստաբան Սոսե Չանդոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

Փաստաբանը նշեց, որ Կենտրոնի ոստիկանություն հանցագործության վերաբերյալ հաղորդում են տվել, ներկայացրել են ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները՝ տեսանյութեր, նկարներ, որոնք հավաստում են մարմնական և գույքային վնասները: «Հետագայում, բնականաբար, գործի նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործի հետ է կապված նաև պաշտոնատար անձ»:

«Լրագրողը կատարել է իր մասնագիտական օրինական գործողությունները, որին ի պատասխան ենթարկվել է բռնության, որը նախարարի կողմից ծրագրված գործողություն է եղել, հետագայում մենք ավելի կբացենք փաստական հանգամանքները:

Մասնագիտական գործողություններն իրականացնելիս՝ Փայլակ Ֆահրադյանը որևէ սխալ քայլ թույլ չի թվել, սակայն պաշտոնատար անձի կողմից Քրեական օրենսգրքով պատժելի արարքի է արժանացել: Այն տեղեկությունները, թե լրագրողը հայհոյել է, սադրանք է եղել, իրականությանը չեն համապատասխանում, մենք ապացույցները ներկայացրել ենք վարույթ իրականացնող մարմնին»,-ասաց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր