211652_close_icon
views-count1640 դիտում article-date 14:54 23-03-2021

ԱԱԾ-ն բացահայտել է Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի կողմից կաշառք ստանալու և տալու դեպքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով  կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ,  իրականացված մեծածավալ քննչական, դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքեր:

Այսպես.
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող, պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների հետ, Զբաղվածության պետական գործակալության շահառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում, «Փոքր բիզնեսի, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրերում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար,  2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի իր աշխատասենյակում, մի շարք քաղաքացիներից, անձամբ կամ իր աշխատակիցների միջոցով, քողարկված եղանակով պահանջել և ստացել  է  զգալի չափերով կաշառքի գումարներ, իսկ այնուհետև՝ դրանցից որպես «մասնաբաժին» գումարներ է առանձնացրել և փոխանցել իր ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին:

Հերթական անգամ՝ 2021 թվականի մարտի 19-ին, ծրագրի շահառու հանդիսացած և  սոցիալապես անապահով Ա.Մ-ի կողմից անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրած գումարը ստանալուց և որպես կաշառք առանձնացված 50.000 ՀՀ դրամ գումարը Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալին  տալուց անմիջապես հետո՝ վերջինները և զբաղվածության կենտրոնի մյուս աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչություն:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչների կողմից ձերբակալվել են ընդհանուր թվով 9-ը անձինք, որոնցից 8-ը կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6-ը մասնագետները, ովքեր, բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո, տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար:

Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաև զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին կաշառք տված քաղաքացիների ինքնությունները, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ, կաշառք տված անձանց վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր և այլն:

Քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալների պաշտոնավարությունները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունները և դրանում ներգրավված անձանց ինքնությունները բացահայտելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է քաղաքացիներին և պետական ու համայնքային մարմինների աշխատակիցներին դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ՝ միաժամանակ հաշվի առնել, որ կաշառք և ապօրինի վարձատրություն տալու, ստանալու հանրային վտանգավորությունը բարձր է այնքանով, որ այն ոչ միայն խաթարում է պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, վնասում է նրանց հեղինակությանը, այլ ընդհանրապես քաղաքացիական հասարակարգ կառուցող բոլոր երկրներում մեծագույն խնդիր է, որը կարող է արգելակել իշխանության համակարգերում քաղաքացիական հասարակության ստեղծմանը, ժողովրդավարական հասարակարգի կառուցմանը՝ ի չիք դարձնելով բոլոր այն ձեռնարկումները, որոնք ուղղված են հասարակական հարաբերությունների առողջացմանը, մարդկանց բարեկեցության բարձրացմանը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր