211652_close_icon
views-count1885 դիտում article-date 13:41 27-03-2021

Արցախցիները «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ սնունդ ու անկողնային պարագաներ են արտադրում արցախցիների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի և «Գոլդեն Փելես» հյուրանոցներում տարածքում արդեն չորս ամիս է՝ գործում է կարի արտադրամաս, որտեղ ներկայում զբաղված է 20-ից ավելի արցախցի:

Նրանք նախ անցել են վերապատրաստում, ապա սկսել աշխատանքը նորաբաց արտադրամասում, որտեղ բարձ, վերմակ և անկողնային այլ պարագաներ են կարում արցախցի մյուս ընտանիքների համար:

Արտադրամասի առաջին պատվիրատուն «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր, որը մինչ այժմ ձմեռային անկողնային հավաքածուներ է տրամադրում պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող ընտանիքներին:

Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

«Հադրութից ու Շուշիից տեղահանված շուրջ չորս հարյուր արցախցի, ովքեր պատերազմի օրերից ապաստանել են Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի և «Գոլդեն Փելես» հյուրանոցներում, փորձում են վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին: Ընտանիքներն անհամբերությամբ սպասում են իրենց բնակարանային հարցի կարգավորմանը, բայց բաց չեն թողնում նաև որևէ կերպ զբաղված լինելու առիթը: Նախադպրոցական տարիքի երեխաները մանկապարտեզի ծառությունից օգտվում են հենց տեղում, իսկ դպրոցականները հաճախում են մոտակա կրթական հաստատություններ: Կանայք ու տղամարդիկ էլ հերթափոխով և շաբաթվա համար հատուկ մշակված ճաշացանկով հանձն են առել սննդի պատրաստման ու սպասարկման գործառույթը: Պահեստներում ամբարված մթերքը ստանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ:

«Յուրաքանչյուր շաբաթվա համար ունենք հաստատված մենյու, օրվա պատասխանատուն բաշխում է սննդամթերքը, իսկ հերթապահներն անցնում են նախաճաշի, ճաշի ու ընթրիքի պատրաստմանը»,-ասաց Հադրութի բնակիչ Սուսաննա Առուստամյանը:

Արցախցիներից մի մասի զբաղվածության հարցն էլ լուծել է «Փրոջեքթ Հոփ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հյուրանոցների տարածքում արդեն չորս ամիս է՝ գործում է կարի արտադրամաս, որտեղ ներկայում զբաղված է 20-ից ավելի արցախցի: Նրանք նախ անցել են վերապատրաստում, ապա սկսել աշխատանքը նորաբաց արտադրամասում, որտեղ բարձ, վերմակ և անկողնային այլ պարագաներ են կարում արցախցի մյուս ընտանիքների համար: Արտադրամասի առաջին պատվիրատուն «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր, որը մինչ այժմ ձմեռային անկողնային հավաքածուներ է տրամադրում պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող ընտանիքներին:

«Փրոջեքթ Հոփ Արմենիա» ՀԿ-ի մարքեթինգի մասնագետ Ջուլիետա Նիկողոսյանի խոսքով՝ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է, այս պահին պատրաստում են անկողնային պարագաների երկրորդ խմբաքանակը: «Արցախցիները բաժանվեցին խմբերի, մենք նրանց սովորեցրեցինք կար ու ձև, իհարկե, բոլոր նրանց, ովքեր ցանկացան: Մի քանի ամսվա ընթացքում նրանք այնքան են հմտացել, որ կարողանում են ընդունել կարի հետ կապված ցանկացած պատվեր՝ մեկանգամյա հողաթափերից սկսած մինչև խալաթներ և անկողնային պարագաներ»,-նշեց Ջուլիետա Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում շուրջ 13 արցախցի սպասում է դասընթացների իր հերթին, որից հետո կանցնի աշխատանքի: 

Վերջերս մասնագիտացել են նաև անթև բաճկոնների արտադրության գործում: Առաջիկայում էլ նախատեսում են ընդլայնել գործունեությունն ու կաշվե իրերի արտադրություն հիմնել՝ հավելյալ աշխատատեղեր ստեղծելով արցախցիների համար՝ զարգացնելով նաև նրանց միջին մասնագիտական հմտությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր