211652_close_icon
views-count2245 դիտում article-date 10:23 03-04-2021

Հայ-թուրքական հաշտեցման փաշինյանական մոդելը իրականություն կդառնա․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Հիմա, օրինակ, Նիկոլ Փաշինյանն անձամբ և իր թիմի միջոցով զբաղված է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական խաղաղասիրության ուղղակի կամ սքողված քարոզով։ Անցած շաբաթ նաև այդ ու նախընտրական քարոզչության շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այցելել էր մարզերից մեկը և ոչ այնքան ակադեմիական նշանակություն ունեցող գյուղում հայտարարել էր, որ կա մտադրություն՝ վաճառել Երևանում գտնվող բուհերի շենքերը և այդ միջոցներով ակադեմիական քաղաք հիմնադրել։ Նրա թիմակիցների հայտարարություններից պարզ դարձավ նաև, որ վաճառվելիք բուհերի շենքերի փոխարեն՝ կարող են կառուցվել հյուրանոցներ, որոնք իբրև թե կնպաստեն տուրիզմի զարգացմանը։

Ահա ուրեմն երկու՝ իրար հետ կապ չունեցող գործողություն կամ մտադրություն՝ հայ-թուրքական հաշտեցում և բուհերի շենքերի վաճառք։ Անաղերս այս երկու իրադարձություններն օրգանական կապ չունենալով՝ ընդհանուր են Նիկոլ Փաշինյանի մտածողության ու առաջնահերթությունների իմաստով։ Ինչպես հարևանների հետ հաշտեցումը, այնպես էլ բուհերի շենքերի վաճառքը կարող են խիստ արդարացված քայլեր համարվել, եթե դիտարկվում են զուտ, բացառապես տնտեսական, տնտեսագիտական հարթությունում։ Երկուսի դեպքում էլ տեսանելի է փողի, գուցե շատ փողի հոսքի հնարավորությունը։

Երկու երևույթներն էլ, սակայն, բնականաբար, բացի նյութականից, ունեն նաև ոչ նյութական, բարոյական, ոգեղեն ասպեկտներ։ Հայ-թուրքական հաշտեցման փաշինյանական մոդելը կարող է իրականություն դառնալ պատմական հիշողության ու ազգային արժանապատվության ոտնահարման միջոցով։ Բուհերի պարագայում գործ ունենք կրկին ոչ նյութական սուբստանցիաների հետ՝ ավանդույթներ, կրթական ու քաղաքային մշակույթ, կոլորիտ, ակադեմիական ու ոչ միայն ակադեմիական հիշողություն, և այլն։ Երկու պարագաներում էլ տնտեսական նպատակահարմարությունը խաչվում է ոչ նյութական, ոչ շոշափելի, սակայն կարևորագույն ինստիտուցիաների հետ։ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, կողմ արտահայտվելով այդ երկու մոտեցումներին՝ պատվազուրկ հաշտեցմանն ու բուհերի շենքերի վաճառքի միջոցով ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարին, բացահայտում է իր մտածողության ու արժեքային համակարգի առանձնահատկությունները․ նրա համար առաջնային են նյութական արդյունքները, եթե անգամ դրանք ձեռք են բերվում ոչ նյութական, սակայն կարևոր երևույթների հաշվին։

Իրականում Հայաստանի համար կենսական նշանակություն ունի՝ ինչպես հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հաշտեցումը, այնպես էլ՝ նույն ակադեմիական քաղաքի կառուցումը։ Որպես նպատակներ՝ երկուսն էլ չափազանց կարևոր են, սակայն խելամտությունը պահանջում է, այդուհանդերձ, խտրություն դնել այդ նպատակներին հասնելու միջոցների մեջ։ Լայն իմաստով,  հենց միջոցների ընտրությանն է հանգում պետության և, օրինակ, առևտրային կազմակերպության տարբերությունը։ Եթե վերջինիս համար գերնպատակը շահույթի ավելացումն է, և այն առաջնորդվում է «փողը ազգություն չունի» սկզբունքով, ապա պետության պարագայում միայն տնտեսական նպատակահարմարությամբ առաջնորդվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ՝ պետությունը վերածելով փողի գեներացման տարածքի՝ դրանից բխող բոլոր հակապետական հետևանքներով։ Այդ տրամաբանությամբ Հայաստանը կարող է բազմապատիկ ավելի եկամուտներ ունենալ ու դառնալ զարգացող տարածք, օրինակ՝ տարածաշրջանային մեգամոթելի կարգավիճակում։

Լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է հենց այդ ծրագրի իրագործմամբ։ Նա կատարում է իր հեղափոխական խոստումը՝ կերտում է երջանիկ քաղաքացու։ Չէ՞ որ խոստանալիս նա չի մանրամասնել քաղաքացու ազգային և պետութենական պատկանելությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր