211652_close_icon
views-count1047 դիտում article-date 16:58 05-04-2021

Արցախում նվազել են հրդեհի դեպքերը

2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 991 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ, զանգերի թիվն ավելացել է 263–ով:

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ նվազել են հրդեհի դեպքերը: Շաբաթվա ընթացքում Արցախի տարածքում գրանցվել է 6 դեպք, որոնք հիմնականում բռնկվել են տեխնիկական ու քաղաքացիների անզգուշության պաճառով՝ բաց տարածքներում:

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Յոթօրյա ժամանակահատվածում զինամթերքի հայտնաբերման մասով ստացվել է 49 կանչ: Արցախի բոլոր շրջաններում սակրավորական ջոկատները ռուս գործընկերների և հումանիտար ականազերծող կազմակերպությունների հետ մեկտեղ շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքները:

Վերջին շաբաթվա տվյալներով հայտնաբերվել, ոչնչացվել կամ պահեստավորվել է ընդհանուր 68 հատ թնդանոթի արկ (100մմ), 50 հատ թնդանոթի պայթուցիչ, գնդիկաբեկորային 15, հրթիռակասետային 27 ռումբ, հակատանկային մեկ ական (M-57) և 2000-ից ավելի փոքր տրամաչափի փամփուշտ: Ամբողջությամբ ականազերծված տարածքների, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների անվտանգության մասին տեղեկատվություն կհրապարակվի հաջորդ շաբաթ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Մարտի 31-ին բարձունքային դիրքում շինարարական աշխատանք կատարելիս Ստեփանակերտ քաղաքի բնակիչը վայր է ընկել և ստացել տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Փրկարարներն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են բժշկական կենտրոն: Վիճակը բավարար է:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարականով, ծառայության բոլոր ստորաբաժանումները շարունակում են ուսումնական պլանով նախատեսված ուսումնավարժությունները: Անցած շաբաթ մեթոդական պարապմունքներ են տեղի ունեցել Մարտակերտի շրջանային բաժնում և կառուցվածքում գործող բաժանմունքներում:

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում փրկարար-որոնողական աշխատանքներ իրականացնող ջոկատները կատարել են 7 ելք: Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել է 1529 աճյուն:

Նմանատիպ նյութեր