211652_close_icon
views-count3298 դիտում article-date 21:09 11-04-2021

Գոհար Մելոյան. Իշխանությունը «Լալաթափայի» օպերացիայի տապալումը թաքցնելու նպատակով էապես սահմանափակեց պատերազմի մասին տեղեկատվության տարածումը

Իշխանությունը «Լալաթափայի» օպերացիայի տապալումից հետո ռազմական ամենակոպիտ սխալի մասին տեղեկատվությունը թաքցնելու նպատակով էապես սահմանափակեց պատերազմի մասին տեղեկատվության տարածումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Ընթերցելով հարգարժան Էլբակեան Էդգարի կողմից մանրամասն շարադված հիմնավոր գրառումը (հղումը՝ մեկնաբանության դաշտում)՝ հոկտեմբերի 6-ին նախաձեռնված, Արցախի ՊԲ-ի ողնաշարը կոտրած և Արցախի երրորդ պատերազմի ելքը կանխորոշած ռազմական արկածախնդրության մասին, անհրաժեշտ է անդրադառնալ վերոնշյալ պնդումները հաստատող լրացուցիչ փաստերի:

Նախ՝ հոկտեմբերի 8-ին, երբ Լելե թեփեյի ռազմական օպերացիան արդեն ամբողջությամբ տապալվել էր, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել էր ավելի քան 600 զոհ, ջախջախվել էին Արցախի ՊԲ-ի լավագույն հարվածային և ռեզերվածին ուժերը, թշնամին գրավել էր Մեխակավանը և մոտեցել էր Հադրութին,
ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ՝ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ:

Այսպես, հոկտեմբերի 8-ից արգելվեց՝

1. պետական մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը,

2. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումները հրապարակումը:

Ավելին՝ կառավարությունը վերոնշյալ խայտառակ ռազմական օպերացիայի տապալման օրը՝ հոկտեմբերի 8-ին, միաժամանակ նախաձեռնել է փոփոխություններ ՀՀ քրեական օրենսգքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ նախատեսելով քրեական և վարչական պատասխանատության պատերազմի ժամանակ տեղեկատվության տարածումը սահմանափակող կանոնները խախտելու համար: Նշված փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվեցին հոկտեմբերին 9-ին և օրինական ուժ ստացան հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին:

Արդյունքում՝ ծագում է ողջամիտ հարց. ինչու՞ պատերազմի մեկնարկից միայն 12 օր անց իշխող ուժը կայծակնային արագությամբ նախաձեռնեց տեղեկատվության տարածման սահմանափակումներ:

Պատասխանն ակներև է՝ իշխանությունները խնդիր ունեին ամեն գնով թաքցնելու արցախյան երեք պատերազմների ընթացքում սեփական մեղքով հայկական կողմի թույլ տված ամենակոպիտ ռազմական սխալի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ բազմաթիվ հայ և օտարերկրյա ռազմական վերլուծաբանների՝ այս խայտառակ ռազմական օպերացիան ամբողջությամբ կանխորոշեց պատերազմի ելքը, որի արդյունքում՝ թշնամին հեշտությամբ գրավեց Ջաբրայիլը և Արալեռը և գրեթե առանց դիմադրության մտավ Հադրութ՝ Ադրբեջանի զինված ուժերի առջև բացելով դեպի Ֆիզուլի, Խուդաֆեին, Զանգելան և Կուբալթու ճանապարհները:

Միայն նշված պարտությունը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը սեփական ժողովրդից թաքցնելու նպատակով՝ պատերազմից 12 օր անց դավադիր իշխող ուժն մեկ օրվա ընթացքում կատարեց տեղեկատվության տարածումը սահմանափակող վերոնշյալ փոփոխությունները:

Ավելին՝ այդ օրերին լրահոսին ուշադրությամբ հետևողները կփաստեն, որ հոկտեմբերի 8-ից որոշակի շրջանակների կողմից նշված ռազմական խայտառակ օպերացիայի վերաբերյալ տեղեկատվությունը ծածկադմփոց անելու համար սկսվեց շրջանառվել առաջնագծում դավաճանների տեսությունը, իսկ պատերազմի ընթացքի վերաբերյալ իշխող ուժի կողմից իրականացող մանիպուլյատիվ «հաղթողական» տեղեկատվական քարոզն էլ ավելի ուժգնացավ:

Նույն օրը, երբ պետք է կայանար Լելե թեփեյի չարաբաստիկ օպերացիան, ՀՀ վարչապետը ՌԲԿ լրատվամիջոցին հարցազրույց տվեց, որում բացահայտեց հայկական կողմի ռազմական օպերացիայի մանրամասները, ինչը պարտադիր քննության առարկա պետք է հանդիսանա՝ բացահայտելով, թե արդյո՞ք դա պլանավորված դավադրություն էր, թե ծայրաստիճան ապիկարություն, ինչն ի դեպ եւս պատժելի է»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր