211652_close_icon
views-count6940 դիտում article-date 18:19 12-04-2021

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել՝ դադարեցնելով անդամակցությունը Խորհրդին. Դավիթ Ափոյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել, որպեսզի դադարեցնի իր անդամակցությունը խորհրդին: Կառավարությունը ուներ մի նախագիծ, որը այս պահի դրությամբ տապալվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող-անդամ Դավիթ Ափոյանը:

«Երբ կառավարության անդամները հրաժարական են տալիս, դա դեռ վերջնարդյունքը չէ, Կառավարությունը գծել էր ավելի մեծ պլան, ուղղակի նպատակին չհասավ, բայց կա կանոնադրական կետ, ըստ որի՝ եթե հոգաբարձուների խորհրդի կեսից ավելին հրաժարական է տալիս, ապա խորհուրդը լուծարվում է և վերակազմավորվում»,- ասաց Դավիթ Ափոյանը:

ԵՊՀ ՈՒԽ նախագահը նաև նշեց՝ ժամանակ շահելը և խորհուրդը վերակազմավորելը ունի իր նպատակները: Ըստ նրա՝ կառավարությունը ուզում է միանձնյա կերպով ղեկավարել ԵՊՀ-ն:

«Վերակազմավորումը իրենից ենթադրում է հավելյան ժամանակ: Ներկայիս կառավարությունը փորձում է շահել այդ ժամանակահատվածը նոր օրենքի նախագիծը ուժի մեջ մտցնելու համար, չնայած հարց է՝ արդյո՞ք նախագահը կստորագրի նախագիծը, թե ոչ, քանի որ հեղինակավոր իրավաբաններ նշում են՝ օրենքի նոր նախագծում կան հակասահմանադրական մի քանի կետեր:

Օրենքի նախագծով խորհրդի կազմը այլ է լինելու և ամեն հարց որոշվելու է միանձնյա, անկախ նրանից՝ տվյալ հարցերը համապատասխանում են իրավական, բարոյական նորմերին, թե ոչ»,- նշեց ԵՊՀ ՈՒԽ նախագահը:

Նա նաև նշեց՝ գործող իշխանությունը փորձում է ցույց տալ՝ ամեն բան պետք է լինի այնպես, ինչպես իրենք են ցանկանում: «Կառավարությունը գործում է մի սկզբունքով.  անում եք այնպես, ինչպես մենք ենք ասում, հակառակ դեպքում՝ առանց մեզ ոչինչ չեք կարողանա անել: Անդամները չեն գիտակցում՝ ինչ պատասխանատվություն է դրված իրենց վրա, այդ մարդիկ ծառայում են որպես կամակատար, կառավարության հրամանները կատարող»,- ասաց Ափոյանը:

Նմանատիպ նյութեր