211652_close_icon
views-count17530 դիտում article-date 12:39 13-04-2021

Երևանում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում, ծառերի սպանդը շարունակվում է. բնակիչները պայքարում են ծառասպանների դեմ, ժամանել են ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ ապրիլի 13-ին, դարձյալ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Բաղրամյան 79ա շենքի բակում։ Առավոտյան դարձյալ շարունակվել է ծառերի սպանդը ինչ-որ անձանց կողմից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն արգելում են ծառասպաններին, որպեսզի շարունակեն իրենց սև գործը, իսկ հասարակական կարգը պահպանելու համար դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության աշխատակիցները։

Ոստիկաններից մեկը բնակիչներին ասում էր, որ սեփականատերն իրավունք ունի ծառերը կտրելու, ինչը զայրացրեց բնակիչներին, որից հետո այդ ոստիկանը մտավ «Սլավմեդ» բժշկական կենտրոն, կարճ ժամանակ անց դուրս եկավ այնտեղից և բնակիչներին տեղեկացրեց, որ սեփականատիրոջ հետ պայմանավորվել են, որ մի քանի օր ժամանակավորապես դադարեցնում են ծառերի սպանդը մինչև խնդրի վերջնական լուծումը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր առաջ SHAMSHYAN.com-ում հրապարակված նյութի փաստով ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հանձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնում, որպեսզի հետաքննություն անցկացնեն՝ պարզելու համար՝ արդյո՞ք իրավունք ունեն նշված հատվածում ծառերի սպանդ իրականացնել։ Այս պահին Արաբկիրի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում և կատարվում է հետաքննություն։

Ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 11-ին իրավիճակ էր ստեղծվել Երևանում:

Բաղրամյան 79ա շենքի բակում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմաց, անհայտ անձինք զբոսայգում, որը տարիներ շարունակ բնակիչների համար օգտագործվել է որպես թե՛ խաղահրապարակ, թե՛ հանգստի գոտի, համատարած ծառերի սպանդ էր սկսվել:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասեել էին. «Ո՞վ է պատասխան տալու բնության նկատմամբ այս դաժան վերաբերմունքի համար: Գիտենք, որ ավելի քան 2 տարի է, ինչ-որ մարդիկ նպատակ են դրել, որպեսզի  տարածքն իրենցով անեն: Գիտենք նաև, որ  1 տարուց ավել է Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը  պայքարում է, որպեսզի ծառասպանները  իրենց նպատակին չհասնեն, բայց  լսել ենք, որ  շինարարության թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը:  Հիմա ինչ, ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարը անզոր է, չի կարողանում իր համայնքի բնակիչների շահերը պաշտպանի, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի ինչ-որ կաբինետային «ծառասպան» կարող է  գրչի մի հարվածով ավագ սերնդի ու երեխաների խաղահրապարակը դարձնի կամ օբյեկտ, կամ ինչ-որ քարե շինութուն կառուցել»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի    
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր