211652_close_icon
views-count2728 դիտում article-date 12:03 14-04-2021

Փաշինյանը ներկայացրեց պատերազմի ընթացքում Պուտին-Ալիև զրույցի և ՌԴ նախագահի հետ իր հեռախոսազրույցի մանրամասները

Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը 2020թ. Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում և դրանից առաջ հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ապրիլի 14-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել 2020թ. հոկտեմբերի 19-ին և դրանից հետո:

«Շատ է շահարկվել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և հոկտեմբերի 19-ից հետո: Վերլուծելով իրադրությունը, խորհրդակցելով Արցախի նախագահի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Այդ կապակցությամբ հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Նիստին մասնակցել են հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ դրանից հետո, համաձայն պայմանավորվածության, զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել, որ Հայաստանն ուզում է հրադադար՝ տարածքների 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով:

«Մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից Հայաստանի Հանրապետությանն առաջադրված է եղել ամենատարբեր ձևաչափերով: ՌԴ նախագահի հետ ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել: ՌԴ նախագահի հետ արձանագրել ենք, որ ունենք ընդհանուր ձևակերպում իրադրության հաղթահարման: Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել, ադրբեջանցի տեղահանվածների ԼՂ վերադարձի հարց է եղել, ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն առարկություն չենք ունենա, եթե հարցն ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման գործընթացի հետ: ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր պահանջը: Երկրորդը՝ պահանջում է, որ տեղահանվածների վերադարձի հարցը՝ այդ թվում Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Նաև ակնարկ է եղել այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դա ասվել է, որպես ակնարկ այն դեպքի համար, եթե Հայաստանը մինչ այս կետն առաջադրված պայմաններին համաձայնի:

«Ադրբեջանը, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասաց Փաշինյանը:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և զինված ահաբեկիչների մասնակցությամբ, Արցախի դեմ սանձազերծել է լայնածավալ պատերազմ, որն ավարտվել է 44 օր անց՝ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ (Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն) հայտարարությամբ:

Նմանատիպ նյութեր