211652_close_icon
views-count1774 դիտում article-date 09:49 21-04-2021

Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը ինչո՞ւ ռազմագերիների վերաբերյալ հարցին նման կերպ քվեարկեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության անդամները հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քվեարկության պատկերը տեխնիկական խափանման հետևանք են համարում: Ինչպես հայտնի է, պատվիրակության 12 անդամներից 5-ը՝ դեմ, իսկ 7-ը ձեռնպահ են եղել, որպեսզի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվի այդ հարցը:

Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը գրեթե ամբողջությամբ նաև դեմ է եղել, որ վեհաժողովում քննարկվի Թուրքիայում ժողովրդավարության վիճակի հարցը: Թե ինչու Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը ռազմագերիների հարցի և Թուրքիայի ժողովրդավարական վիճակի պրոբլեմները քննարկելու հարցում նման կերպ վարվեց, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ ՌԴ պատվիրակության անդամներից, սակայն միևնույն պատասխանը ստացանք:

Նախ պատվիրակության անդամ Սերգեյ Պախոմովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել, և դա է եղել այդպիսի քվեարկության պատճառը՝ ասելով, թե համապատասխան դիմումներն արդեն ներկայացվել են: Նման պատճառաբանություն բերեց նաև ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը՝ «Ժողովուրդ» օրաթերթին ասելով, թե խնդիր է եղել՝ խոստանալով, որ քննարկման ժամանակ իրենց դիրքորոշումը կհայտնեն:

Հավելենք, որ ռուսական պատվիրակությունից զատ դեմ են եղել ողջ ադրբեջանական պատվիրակությունը՝ 6 հոգի, քվեարկությանը մասնակցած Թուրքիայի 9 հոգանոց պատվիրակության 8 հոգին, մեկը կողմ է եղել Ֆելեքնաս Ուջան, ով ազգությամբ եզդի է, Սերբիայի ու Հունգարիայի մեկական պատվիրակ, ընդհանուր առմամբ՝ 21 դեմ, փոխարենը կողմ են քվեարկել 93-ը, ձեռնպահ՝ 18-ը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր