211652_close_icon
views-count1887 դիտում article-date 09:38 27-04-2021

Փախուստ պատասխանատվությունից․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Նորմալ պետական ու քաղաքական համակարգում ընտրության գլխավոր տրամաբանությունն այն է, որ քաղաքական ուժերը և գործիչները ներկայացնում են գաղափարներ, ծրագրեր ու վստահության քվե ստանալու դեպքում ստանձնում են, ուշադրություն, պատասխանատվություն՝ այդ խոստումներն իրագործելու համար։ Այսինքն՝ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, հետևաբար՝ ընտրություններում հաղթողն առաջին հերթին ստանձնում է պատասխանատվություն։ Սա քաղաքականության աքսիոմ է, դասագրքային կանոն, որի հիշատակումն անգամ այլ պայմաններում կարող էր ծիծաղելի թվալ։

Բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում հիմա խախտվել է հենց այդ պարզագույն, դասագրքային կանոնը, և խախտողը Նիկոլ Փաշինյանն է՝ իր իշխանությամբ։ Նա, եթե չխաբի, մեկ նպատակ է հետապնդում. ցանկանում է արտահերթ ընտրություններ կազմակերպել և հավակնում է կրկին մնալ իշխանության։ Իշխանությունը, սակայն, Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե ինչ-որ ծրագրեր իրականացնելու միջոց է, այլ պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն։ Իշխանության երեք տարիներին ու հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում նա անձամբ և նրա իշխանությունը՝ որպես խմբակ, կատարել է այնպիսի ու այնքան գործողություններ կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որոնք երբևէ բավարար կարող են լինել տասնյակ կամ հարյուրավոր քրեական գործեր հարուցելու համար։

Նիկոլ Փաշինյանին այդ անարև հեռանկարից կարող է պաշտպանել միայն ու բացառապես իշխանությունը։ Հետևաբար, նա ընտրությունների միջոցով փորձելու է ոչ թե պատասխանատվություն ստանձնել, ինչպես ցուցանում է քաղաքականության կանոնը, այլ ճիշտ հակառակը՝ խուսափել պատասխանատվությունից, ինչպես հարիր է անհատական հանցագործներին կամ կազմակերպված բանդաներին։

Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումն ունի գոյաբանական նշանակություն։ Քաղաքականությունն այլևս նրա համար ուղղակի գործունեություն  չէ, որով կարելի է պարզապես զբաղվել հաճույքի կամ փող աշխատելու համար։ Դիլեման արդեն այլևս ուղղակի հաղթել կամ պարտվելը չէ․ երկընտրանքն առավել քան պատկերավոր է ու երևակվում է պատժախցի կամ վարչապետական աշխատասենյակի տեսքով։ Առաջինում պատասխանատվությունն է, երկրորդում՝ փախուստը պատասխանատվությունից։

Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է հենց այդ  փախուստի կազմակերպմամբ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր