211652_close_icon
views-count2354 դիտում article-date 10:25 28-04-2021

Ընտրարշավը լինելու է ատելության մրցավազք՝ քաղաքացիների ապատիայի, անտարբերության և բարոյալքման ֆոնին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1996 թվականին քաղաքացիների մեծամասնությունը ձայն տվեց Վազգեն Մանուկյանին ոչ այն պատճառով, որ շատ էր հավանում այդ քաղաքական գործչին կամ նրա ծրագրերը. պարզապես մարդիկ բուռն ցանկություն ունեին ազատվելու Լեւոն Տեր-Պետրոսյանից: Իսկ, ասենք, 2003 թվականին մեծամասնությունն ընտրեց Ստեփան Դեմիրճյանին ոչ թե նրա՝ քաղաքական գործչի ինչ-որ անզուգական որակների համար, այլ՝ մեծ փափագ, կասեի անգամ՝ երազանք ունենալով, որ Քոչարյանն այլեւս երկիրը չղեկավարի:

2018 թվականին մարդիկ ձայն տվեցին Փաշինյանին ոչ թե ելնելով այն ակնկալիքից, թե նա Նոր Հայաստան կկառուցի, այլ ընկալելով նրան որպես փրկիչ, որը վերջապես կարողացավ ազատել երկիրը Սերժ Սարգսյանի իշխանությունից: Բոլոր այս, ինչպես նաեւ բազմաթիվ այլ դեպքերում, հիմնական ընտրազանգվածի մոտիվացիան բացասական էր՝ ոչ թե ինչ-որ բան հավանել, ընդունել, ապագայի հիմք դարձնել, այլ՝ ինչ-որ բան ատելով մերժել:

Հիմա էլ հասարակությունը կանգնած է ընտրության առաջ, ում մերժել՝ Փաշինյանին, թե Քոչարյանին: Տասնյակից ավելի կուսակցություններ կան, որոնք հավակնություն ունեն լինելու «երրորդ ուժը», գուցե 10 կամ 20 հազար քաղաքացի կա (ես էլ նրանց թվում), ում համար այդ երկու թեկնածուները հավասարապես անընդունելի են: Այդ ամենը իրողությունը չի փոխում. հիմնական ընտրազանգվածը բաժանվում է երկու, կարծում եմ՝ գրեթե հավասար մասի. նրանք, ովքեր ատում եմ Քոչարյանին («նախկիններին») եւ նրանք, ովքեր ատում են Փաշինյանին: (Իհարկե, հատուկ «տաղանդ» էր պետք՝ 2018-ին ունեցած վստահությունը մսխելու եւ ատելության առարկա դառնալու համար): Սա ոչ թե համակիրների, այլ մերժողների, ատողների պայքար է լինելու:

Ըստ այդմ, առաջինների (նիկոլականների) տրամաբանությունը հետեւյալն է. «Կարեւոր չէ, թե ինչ է տեղի ունեցել այս երեք տարվա ընթացքում, կարեւոր չեն հողային եւ մարդկային կորուստները, կարեւոր չէ, թե ինչ է Փաշինյանը պատրաստվում անել մոտակա 5 տարիների ընթացքում, կարեւոր է, որ նա կարողացել է հեղափոխություն իրականացնել եւ հիմա էլ նա այն մարդն է, որը փակում է «նախկինների» ճանապարհը դեպի իշխանություն: Ով ուզում է լինի, միայն թե Քոչարյանը չվերադառնա»:

Հակառակ բեւեռի տրամաբանությունը հետեւյալն է. «Կարեւոր չէ, թե ինչ է տեղի ունեցել Քոչարյանի իշխանության օրոք, կարեւոր չեն քրեա-օլիգարխիկ համակարգի ստեղծումը, ընտրությունների կեղծումը եւ բռնաճնշումները, կարեւոր չէ «մարտի 1-ը», կարեւորն այն է, Քոչարյանն այն մարդն է, որը երկիրը կազատի Փաշինյանի նման չարիքից: Ով ուզում է լինի, միայն թե Փաշինյանը գնա»: Այդ ամենը կարող է ասվել տարբեր ինտոնացիաներով, տարբեր բառապաշարով, տարբեր «օժանդակ փաստարկներ» բերելով: Բայց պարզ է, որ ընտրարշավը լինելու է ատելության մրցավազք՝ մնացած քաղաքացիների ապատիայի, անտարբերության եւ բարոյալքման ֆոնին:

Քանի որ երկու հիմնական թեկնածուները քինախնդիր են, «մինչեւ վերջ» գնացող են եւ երբեք, ոչ մի պարագայում զիջումների չեն գնա, կասկածում եմ, որ ընտրությունները խաղաղ կանցնեն»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր