211652_close_icon
views-count2000 դիտում article-date 18:38 12-05-2021

Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակ էր այցելել ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության փոխդեսպան պարոն Ալի Մոհամադ Մոթաղին, որին ընդունեց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։

Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց աջակցելու նպատակով։ Օգնությունը ներառում է 1600 ծածկոց, խոհանոցային պարագաների 400 հավաքածու և մոտ 15 000 միավոր բժշակական պարագա, որոնք փոխանցվելու են Այրվածքաբանության ազգային կենտրոնին։
  • Մենք շնորհակալ ենք գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ համագործակցության և  Ազգային ընկերությանը՝ ցուցաբերած աջակցության համար։ Իրանի Կարմիր մահիկի հետ  մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, և վստահ եմ, որ ապագայում էլ կհամագործակցենք՝ ի շահ խոցելի խմբերի բարօրության, -ողջունելով հյուրերին ասաց տիկին Աննա Եղիազարյանը։ 
Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան պարոն Մոթաղին հիշատակելով Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մասին, այդ թվում՝ կողմերի համագործակցությունը ծանր իրավիճակներում, որին բախվել են երկու երկրները, իր կարեկցանքը հայտնեց Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման ընթացքում տուժածներին և, բարձր գնահատելով Հայկական Կարմիր խաչի ընկերության ջանքերը՝ պատերազմի հետևանքով մոտ հարյուր հազար տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, հաջողություն մաղթեց՝ սրացման հետևանքով տուժածներին օգնելու, ինչպես նաև մարդասիրական այլ խնդիրներ լուծելու համար:

Անդրադառնալով անցյալ տարվա ծանր պայմաններում երկու երկրների համագործակցության շարունակությանը՝ փոխդեսպանը հույս հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև բարեկամական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի: 
 
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման       հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

 Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր