211652_close_icon
views-count101721 դիտում article-date 19:18 18-05-2021

Կրակոցներ Արարատի մարզում. Սուրենավանից «հրազենային բաց կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակի միջուկ և արնանման հետքեր

Երեկ՝ մայիսի 17-ին,  կրակոցներ ե հնչել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հեմորակային տրավմատիկ շոկ 2-րդ և 3-րդ աստիճանի, աջ ոտքի միջին 3-րդի հրազենային բաց կոտրվածք, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Միշա Ա.-ն է:

Մինչ բժիշկները նրան անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի և նույն բաժնի հետաքննական բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Զ.-ն դեռևս չպարզված հանգամանքներում, դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Միշա Ա.-ի  ուղղությամբ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները զննությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  2 պարկուճ, 1 հատ պողպատե գնդակի միջուկ և արնանման հետքեր:

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, հիվանդանոցում էլ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր