211652_close_icon
views-count120124 դիտում article-date 23:41 01-10-2023

Կրակոցներ Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր․ ԼՐԱՑՎԱԾ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենաներով 4 հոգու բերել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Այս պահին բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորներին։

Հիվանդանոցի մոտ ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Կոտայքի մարզում, ինչի համար այս պահին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները և նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները փորձում են պարզել դեպքի վայրը։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում և տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն եւ Ոստիկանության Կոտայքի բաժին:

Արդեն տեղում Կոտայքի մարզի ոստիկանները` մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանի, Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ  Աբովյան-Մայակովսկի–Ձորաղբյուր ճանապարհին 20-ից ավելի տարածքներում են որոնողական աշխատանքներ կատարել և, ի վերջո, նրանց հաջողվել է գտնել հանցագործության վայրը, որը Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում է եղել: 

Դեպքի վայրում և հարակից տարածներում ոստիկանները, պարեկները, ապա նրանց միացած ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները հայտնաբերել են 5 հատ՝ ատրճանակից արձակված, կրակված պարկուճ, արնանման հետքեր, բջջային հեռախոս, ավել, որով փորձել են արյան հետքերը մաքրել:

Պարզվել է նաեւ, որ վիրավորներն են Ձորաղբյուր գյուղի բնակիչներ` 28-ամյա Ջիվան Մեսրոպյանը, 28-ամյա Միսակ Սահակյանը, 29-ամյա Սահակ Սահակյանը և 27-ամյա Խաչատուր Պետրոսյանը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել, սակայն մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված անձանց հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ որոնում են Ձորաղբյուր գյուղի բնակիչ 28-ամյա Թեմուր Երեմյանին:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Թ. Երեմյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորներից Մ. և Ս. Սահակյանները հարազատ եղբայրներ են, վիճաբանությունն էլ տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր