106609 դիտում
11:02 15-07-2020
Կրակոցներ Երևանում. Սարի Թաղից 27-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից կրակված պարկուճներ ու արնանման հետքեր. վարկածներից մեկով՝ այն վենդետա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիական ավտոմեքենայով հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։
Ժամանել են նաև ոստիկանւթյան Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն է Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանը։
Ըստ բժիշկների՝ վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ պարզել են նաև, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 26-րդ փողոցի 26 և 13 տների դիմացից և ժամանելով դեպքի վայր՝ այնտեղ հայտնաբերել են ավտոմատից կրակված 2 պարկուճ, արնանման բազմաթիվ հետքեր, BMW X5 մակնիշի ավտոմեքենա։
Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Սահակ Մինասյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի, և մոտավոր կա նաև կասկածյալ, ում նկատմամբ ամիսներ առաջ նույնպես հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, և այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+