211652_close_icon
views-count170381 դիտում article-date 13:43 19-05-2021

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Չայնիի ոլորանում. բախվել են MAN-ն ու պաղպաղակ տեղափոխող IVECO-ն. կան վիրավորներ, IVECO-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են IVECO և MAN մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանն ու Կառլեն Բաղյանը։

Հետաքննիչները դեպքի վայրի զննություն կատարելուց հետո, երբ պետք է արդեն մեկնեին հիվանդանոց՝ վիրավորների ինքնությունը ճշտելու, IVECO-ում հրդեհ է բռնկվել, որից հետո ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից և Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները մարել են IVECO-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

IVECO-ն բարձված է եղել պաղպաղակով։ Հրշեջ-փրկարարները կատարեցին նաև ճանապարի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի ճանշինի ծառայողները, ովքեր հրդեհի հետևանքով ճանապարհին կուտակված իրերը հեռացրեցին ճանապարհից, որից հետո երթևեկությունը նշված հատվածում վերականգնվեց։

Մինչ այդ, ճանապարհային ոստիկանները նշված վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում՝ խցանումներից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր