211652_close_icon
views-count139001 դիտում article-date 07:30 21-05-2021

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 25-ամյա վարորդը ВАЗ-ով մխրճվել է գազաբալոններով բարձված ЗИЛ-ի մեջ. վարորդի և ուղևորի դիերը ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում։ 

Ժամը 03։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ-ում բախվել են Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հովհաննես Մխիթարյանի վարած ВАЗ 21723 մակնիշի և Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Գևորգյանի վարած ЗИЛ մակնիշի՝ գազաբալոններով բարձված բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ-ի վարորդն ու նրա ուղևորը՝ Ճամբարակ քաղաքի բնակիչ, 23-ամյա Ռոման Դանիելյանը, տեղում մահացել են, նրանց մարմինները ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ջոկատի հրամանատար Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ և մոտեցրել  «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Վթարի մասին ՃՈ 1-7 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր