211652_close_icon
views-count1661 դիտում article-date 21:05 21-05-2021

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին. երկուստեք ընդգծվեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Մայիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին (Իռլանդիա), ով զեկույցի նախապատրաստական շրջանում Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ: 

Ավետ Ադոնցը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: ԱԳ նախարարի տեղակալը նաև կարևորեց միջազգային կառույցների՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների մուտքն Արցախ, որը, սակայն, հնարավոր չի լինում իրականացնել Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատճառով:

Երկուստեք ընդգծվեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, անընդունելի համարվեց Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները չկատարելու և վերջինիս հետ չհամագործակցելու հանգամանքը: 

Ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` Ավետ Ադոնցն անթույլատրելի համարեց միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

Նմանատիպ նյութեր