211652_close_icon
views-count1544 դիտում article-date 12:51 24-05-2021

Մայիսի 23-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստվել է 26 հազար 562 մարդ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 23-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 26 հազար 562 պատվաստում, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները, պատվաստումներն անվճար են։

Նշենք, որ օտարերկրացիների և տեղացիների համար առանձին վիճակագրություն նախարարությունը չունի և նույնիսկ այս տվյալներով Հայաստանում պատվաստվածների թիվը չի գերազանցում մեկ տոկոսը։

Հայաստանում այժմ կիրառվում է երեք տեսակի պատվաստանյութ․ AstraZeneca-ով և Coronavak-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18 տարեկանից բարձր բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ գործում են շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Նմանատիպ նյութեր