211652_close_icon
views-count1651 դիտում article-date 21:49 24-05-2021

Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Կիև) Դրագիցա Պոնորացին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև՝ հաջողություն իր կարևոր առաքելության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պոնորացը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացման և ամրապնդման նպատակով, և կնպաստի հայ-չեռնոգորական օրակարգն առաջ մղելուն:

Զրուցակիցները քննարկեցին հայ-չեռնոգորական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

ԱԳ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունը հրավիրեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վրա՝ ակնկալելով միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքը։

Ավետ Ադոնցը ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:

Նմանատիպ նյութեր