211652_close_icon
views-count1879 դիտում article-date 14:01 03-06-2021

Արդարացում չկա. փոխնախարարը վստահեցնում է՝ Աբովյանի դիահերձարանի դեպքը համակարգային բնույթ չի կրում

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը Աբովյանի դիահերձարանում զինվորականների աճյունների հանդեպ վերաբերմունքի առնչությամբ արդարացում չի տեսնում, սակայն վստահեցնում է, որ դա մասնավոր դեպք է, այլ տեղերում նման պատկեր չկա:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարն այս մասին վստահեցրեց ԱԺ արտահերթ նիստում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ով է պատասխան տալու դեպքի համար՝ փոխնախարարն ասաց. «Դեպքի հետ կապված արդարացումներ չկան, ոչ ոք չի փորձում արդարացնել եղելությունը: Ես վստահ եմ, որ դա մասնավոր դեպք է և չի կրում համակարգային բնույթ: Քրեական գործ է հարուցվել այդ մասով, թող քննություն գնա, մեղավորներն իրենց արժանի պատիժը կրեն»:

«Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ այն, ինչ կատարվել է, չի տեղավորվում բարոյականության տիրույթում: «Իսկ, եթե բարոյականության սահմաններում չի տեղավորվում, նշանակում է, որ դա պետք է բարոյական գին ունենա ՝ բացի նրանից, որ քրեական գործ է հարուցվել»,- ասաց պատգամավորն ու առաջարկեց նախարարի պաշտոնակատարի հետ փոխնախարարը հրաժարական տա՝ անկախ նրանից հարցը փոխնախարարի տիրույթում է, թե ոչ:

Փոխնախարարն արձագանքեց՝ համաձայն չէ՝ շեշտելով, որ դեպքը, սակայն, արդարացում չունի: «Ես ժողովրդի վրդովմունքն ամբողջությամբ կիսում եմ»,- ասաց նա:

Անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչ եզրահանգման են եկել, ինչու են դիերն անարգվել Հայաստանում՝ փոխնախարը տեղեկացրեց, որ լուսանկարները հրապարակվելու օրը նախարարությունը հրատապ կարգով բոլոր դիահերձարաններ մարդիկ է ուղարկել՝ օպերատիվ իրավիճակը գնահատելու: «Իրավիճակը գնահատվել է, և կարող եմ պատասխանատվությամբ ասել, որ նման պատկեր միայն այդտեղ է եղել, դա մասնավոր դեպք է եղել: Դեպքը եղել է տեխնիկական օբյեկտիվ պատճառների արդյունքում, բայց, բնականաբար, տեխնիկական խնդիրը չէր նշանակում, որ նման լուծում պետք է տրվեր այդ հարցին: Սառնարանի կահավորման խնդիր է եղել, ժամանակավոր տեղափոխություն են արել, և նման պատկեր ենք ունեցել, որը անթույլատրելի է: Մնացած տեղերի մասով, պատասխանատվությամբ ասում եմ, որ նման պատկեր չկա, նման խնդիր չի կարող լինել»,-ասաց Սիմոնյանը:

Ավելի վաղ համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնք փաստում էին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների դիեր են եղել, որոնք պահվել են ոչ պատշաճ պայմաններում: 

Հունիսի 2-ին ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման գործընթացում ընդգրկված երկու աշխատակից ազատվել են աշխատանքից:

Նմանատիպ նյութեր